Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը


Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը

  • 21-08-2019 16:23:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Ամուլսարի հարցով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության արդյունքում ստացվել են այն եզրակացությունները, որոնց մասին միշտ խոսել են մասնագետները: «Դա այն է, ինչ մենք ասել ենք միշտ»,- Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը:
 
Ըստ նրա՝ ընդունենք, որ հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկի վրա չի լինի բացասական ազդեցություն, բայց Որոտան, Արփա գետերի, թունելի վրա այդ ազդեցությունն անխուսափելի է:
 
«Դա նաև ԷԼԱՐԴ-ն է ասում, բայց դրանից անկախ մեր տվյալներն էլ են նույնը ցույց տալիս: Եվ աղտոտվելու է, ոչ մի միջոցառում էլ չի փրկելու Արփան, Որոտանի ակունքային հատվածներն այդ աղտոտումից: Եվ թունելն էլ խնդրահարույց է լինելու, կարծում եմ՝ ընդհուպ մինչև կարող է փլվել: Հիմա 6 մլն խմ ջրերն են բեռնաթափվում թունել, 1000 հեկտարից ավելի բացվածք է լինելու, թունելում բեռնաթափվող ջրերի ծավալը կշատանա: Այսօր արդեն ծծումբի ու սուլֆատի պարունակությունը թունելի ջրերում ավելի բարձր է, քան գետերում: Դա կշատանա, մենք կարող ենք թունելը կորցնել: Եթե պետության տեսանկյունից ենք նայում, կառավարության պատասխանատվությունն է, որ որոշել են աշխատացնել հանքավայրը: Բայց ես կառաջարկեի, որ գոնե թունելն ապահովագրեին փլվելուց: Արփա և Որոտան գետերի էկոհամակարգը նույնպես պետք է ապահովագրեին աղտոտումից»,- ասաց նա:
 
Ըստ Սեյրան Մինասյանի՝ այսօր աշխարհում ընդունված գետերի էկոհամակարգի վիճակի գնահատման հիմնական ցուցանիշ համարում են հիդրոկենսաբանական ցուցանիշները: Իսկ «ԷԼԱՐԴ»-ն անգամ չի էլ քննարկել այդ փաստաթուղթը, այդ մասով որոշում չկա:
 
Անդրադառնալով մինչև 500 տարի մեղմման 16 միջոցառումների կիրառման մասին դիտարկմանը, որոնք պատրաստակամություն է հայտնել իրականացնել հանքավայրը շահագործող «Լիդիան» ընկերությունը, մասնագետն ասաց. «Ի՞նչ 500 տարի, 12 տարի հետո Լիդիան ընկերությունը չի լինելու, ու դա մնալու է Հայաստանի Հանրապետության բյուջեի ուսերին»:
 
Ըստ Մինասյանի՝ թղթի վրա շատ բան կարելի է գրել, բայց հարց է՝ իրականում այդ մեղմման միջացառումները կիրառվելո՞ւ են:
 
«Ես նորից եմ ասում՝ կան բնության, ֆիզիկայի, քիմիայի օրենքներ, և թղթի վրա դեռ ոչ մեկը չի չեղարկել դրանք: Դա կառավարության որոշում կամ նախարարի հրաման չէ, որ չեղարկեն, անցնենք առաջ: Հնարավոր չի լինի այն չափով կառավարել, որ էական ազդեցություններ չլինեն: Գետերի վրա կլինի էական ազդեցություն, թունելի վրա կլինի էական ազդեցություն»,- հավելեց նա:
 
Ինչ վերաբերում է Սևանա լճին, մասնագետն ասում է, որ լճի վրա հանքավայրի շահագործումն ազդեցություն չի ունենա: «Սևանն ի սկզբանե ֆեյք թիրախ էր: Սևանի մասով ռիսկ չկա: Ի սկզբանե երկու խնդիր է եղել այնտեղ՝ մեկը Ջերմուկի ջրերի վրա հնարավոր ազդեցությունը, մյուսը՝ գետերի էկոհամակարգի վրա: Ջերմուկի ջրերի վրա ազդեցության մասով փորձաքննության արդյունքում ասում են, որ մոդելը ճիշտ է ընտրված, ազդեցություն չի լինի: Անկեղծ ասած, ես ընդունում եմ դա, չնայած, իմ տվյալները ցույց են տալիս, որ Ջերմուկի ջրերի վրա որոշակի ազդեցություն կա, բայց ես չեմ կարող պնդել, որ դա հենց Ամուլսարի ջրերն են: Բայց երկրորդ մասով հաստատվել են, որ կան խնդիրներ»,- ասաց նա:
 
Ընդհանուր առմամբ, ըստ Սեյրան Մինասյանի, խնդիրներն ավելի շատ են, քան ներկայացված են «ԷԼԱՐԴԻ» փորձաքննության եզրակացությունում: Միջոցառումներն էլ չեն կարող լինել այն աստիճանի արդյունավետ, որպեսզի կանխարգելեն ռեալ ազդեցությունները:
 
 
«Մենք կունենանք պրոբլեմ, 5 տարի հետո այդ խնդիրները լրիվ ի հայտ կգան, չգիտեմ՝ ով պատասխան կտա դրանց համար»,- ընդգծեց մասնագետը:
 
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն