Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում


Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում

  • 21-08-2019 17:20:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 21-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց  Խորվաթիայի Հանրապետության (ԽՀ) համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են Խորվաթիայի Հանրապետության տասնյակ համայնքների ղեկավարներ:
 
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ողջույնի խոսքում ներկայացրեց միությունը, որը ձևավորվել է 1997-ին և ասաց, որ այն միավորում է ՀՀ բոլոր համայնքներին. «Մեր հիմնական գործունեությունը համայնքների շահերի պաշտպանությունն է, համայնքներին ծրագրերով աջակցությունը, արտաքին կապերը միջազգային հարաբերություններում: Լավ դիրքեր ունենք թե′ Հայաստանում, թե′ Հայաստանից դուրս: Մենք խոշոր ծրագրերի մաս ենք կազմում, որոնք առնչվում են տեղական իշխանություններին էներգախնայողության ոլորտում, համայնքների տնտեսական զարգացման հետ կապված, նաև բավականին ակտիվ աշխատում ենք Հայաստանի քաղհասարակության հետ»։
 
ԽՀ համայնքների միությունը ստեղծվել է 2002 թ. հունիսին: ԽՀ համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչը կարևորեց Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը և հայտնեց, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ:
 
Նշեց, որ իրենց միության հիմնական գործառույթներն են Խորվաթիայի համայնքների միջև համագործակցության զարգացումը, համայնքներում մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման խթանումը, տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության վերանայումը, տեղական իշխանությունների և համայնքային ծառայողների վերապատրաստումը, տեղական իշխանությունների շահերի պաշտպանությունը կենտրոնական իշխանությունում, այնուհետև հավելեց. «Մեր երկրի համայնքների 78 տոկոսն անդամակցում է միությանը: Մեր հիմնական պարտավորությունն ու առաքելությունն է տեղական ինքնակառավարման նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և համայնքների, հատկապես փոքր համայնքների շահերի պաշտպանությունը»:
 
Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցած հանդիպմանը պատվիրակության կազմում ընդգրկված Խորվաթիայի մի շարք համայնքների ղեկավարներ հայ գործընկերների հետ քննարկեցին տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրներ, համագործակցության հեռանկարներ:
 
Օգոստոսի 25-ին նախատեսվում է Հայաստանի համայնքների միության և Խորվաթիայի համայնքների միության միջև համաձայնագրի ստորագրում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play