Պետությունը պետք է ապահովի երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը


Պետությունը պետք է ապահովի երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը

  • 23-08-2019 13:18:45   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: 
 
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են  ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ։ 
 
Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքը արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների: Այդուհանդերձ, նախարարության ներկայիս քաղաքականությունն է անհրաժեշտ ցերեկային խնամքը այսուհետ ոչ թե պետական նոր կառույցներ ստեղծելու միջոցով տրամադրելուն, այլ մրցույթի արդյունքում հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը։ Ավելին, նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը 2020 թվականից՝ նախատեսելով 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաև շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաև սոցիալական օգնականի ծառայությունները։
2019 թ.-ին գիշերօթիկ մյուս չորս հաստատությունների լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են՝ վստահ լինելու համար, որ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար գտնված է լավագույն լուծումը: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին:
 
Գործընթացն իրականացվել է ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները հաստատություններում չեն գտնվում՝ նրանց հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու և ուսումնական տարվա սկզբին պատրաստի լուծումներ ունենալու համար: 
Նախարարությունն այս ընթացքում աշխատել է երկու ուղղությամբ՝ կարևորելով ոչ միայն երեխայի իրավունքի իրացումը, այլև հաստատությունների աշխատակիցների խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հարկ է նշել, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: 
 
Քննարկվել է այս ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման խնդիրը, ինչի արդյունում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ գործընթացում ներգրավված բոլոր ընտանիքները ներգրավված կլինեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:  Մինչև սեպտեմբերի 1-ը ընտանիքներից յուրաքանչյուրը տեղեկացված կլինի իր համար նախատեսված ծրագրի վերաբերյալ:
Այն դեպքերում, երբ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի վերադարձն ընտանիք հնարավոր է, ընտանիքը ներգրավվելու է սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագրերում: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիքը չի բխի երեխայի լավագույն շահից, կկայացվի այլընտրանքային խնամքի որոշում՝ շեշտը դնելով խնամատար ընտանիքների ինստիտուտի վրա:
 
Ինչ վերաբերում է լուծարման ենթակա գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին, ապա նրանց առաջարկվել է ներգրավվել պետական զբաղվածության ծրագրերում, իսկ այն աշխատակիցներին, ովքեր ունեն մասնագիտական պատրաստվածություն, առաջարկվել է մասնակցել խնամատար ծնող դառնալու համար նախատեսված վերապատրաստումներին, համալրել հատկապես մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ծնողների բանկը՝ հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունն ու երեխայի խնամքի իրականացման փորձառությունը:
 
Այս բոլոր առաջարկները պաշտոնապես ներկայացվել են հաստատություններին՝ հորդորելով զերծ մնալ սեպտեմբերին նոր ընդունելություն իրականացնելուց, քանի որ նախագծերը գտնվում են շրջանառության վերջին փուլում: 
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, և տեղեկացնում, որ իրականացվող բոլոր գործընթացների հիմքում ընկած է պետական աջակցությունը ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքներին ուղղելու և համայնքային պատշաճ ծառայություններ ստեղծելու քաղաքականությունը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն