Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի


Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի

  • 11-09-2019 07:48:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
Ամուլսարի հանքի շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության նկատմամբ պետության համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին է մեր հարցազրույցը «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության  նախագահ Գևորգ Մանուկյանի հետ:
 
— Նախ, սկսենք նրանից, թե ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն իր մակերեսով շատ փոքր Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության թույլատրելի կամ ոչ թույլատրելի լինելու առնչությամբ:
 
— Ամուլսարի հանքավայրի հարցը վերածվել է համազգային նշանակության, հնարավոր է՝ շրջադարձային հիմնախնդրի։ Անվարան համոզմունքս է, որ Հայաստանում ամբողջ մետաղական հանքարդյունաբերությունը պետք է սահմանափակվի և թույլատրվի միայն ներքին կարիքների բավարարման չափով:
 
— Բնականաբար ծագում է հետևյալ հարցը` արդյոք հնարավո՞ր է Հայաստանի Հանրապետության զարգացումն առանց մետաղական հանքարդյունաբերության, որը նախկին իշխանության օրոք ճանաչված էր որպես «զարգացման ռազմավարական ուղղություն»։
 
— Հարցի պատասխանը պարզելու համար դիտարկենք երեք, ակնհայտորեն ճշմարիտ ու նախադրյալ դատողություններ.
 
Առաջին. հայ ժողովրդի նախորդ սերունդներից ժառանգած երկրի ընդերքը և բնական պաշարները սեփականության իրավունքով պատկանում են ոչ միայն ներկա, այլև գալիք դարերի բոլո՛ր սերունդներին։ Ոչ մի բանական էակ չի կարող ժխտել այս դատողության ճշմարտացիությունը։ Հետևաբար` այսօրվա մեր սերունդը և, հատկապես, որոշում կայացնողներն իրավունք չունեն սպառել գալիք սերունդների ունեցվածքը, ա՛յն, ինչ իրենց չի պատկանում։
 
Մեզանում, ցավոք, օրինավոր է համարվում դեռևս չծնված երեխայի սպանությունը՝ այն քողարկելով «հղիության արհեստական ընդհատում» արտահայտությամբ։ Իսկ, ահա, դեռևս չծնված, բայց հաստատապես գալիք տասնյակ, գուցե հարյուրավոր սերունդների դեռևս միջազգայնորեն չճանաչված մարդկային իրավունքների (նկատի ունենք, առաջին հերթին, կյանքի, առողջ միջավայրի և զարգացման իրավունքները) ոտնահարումներն անգամ քննարկումների առարկա չենք դարձել (մտադիր ենք առաջիկայում գալիք սերունդների մարդկային իրավունքների իրավաբանորեն ամրագրման հարցը բարձրացնել միջազգային համապատասխան կառույցներում)։ Սակայն նրանք՝ այդ սերունդները, գալո՛ւ են։ Եվ նրանց մարդկային իրավունքների այսօրվա բռնադատումները որևէ իրավական, առավել ևս բարոյական արդարացում չունեն։ Ներկա սերունդը հետևաբար պետք է պարզորոշ գիտակցի, որ որևէ առավելություն, արտոնություն չունի իրեն հաջորդող սերունդների նկատմամբ։ Ավելին. ներկա մեր սերունդը պարտավո՛ր է օր առաջ ստանձնել իր պատասխանատվությունը գալիք՝ ի՛ր իսկ սերունդների նկատմամբ, ճանաչի նրանց մարդկային անձեռնմխելի իրավունքները և իրավաբանորեն ձևակերպի, ամրագրի դրանք։
 
Երկրորդ. Երկիր մոլորակի բնական պաշարները սահմանափակ են։ Այսչափ փոքր տարածք ունեցող Հայաստանի բնական պաշարները՝ առավել ևս։ Գոյություն չունի փորձագիտական գնահատական այն մասին, թե Հայաստանի մետաղական հանքերի այսօրվա ծավալներով շահագործման դեպքում քանի՞ տարի հետո դրանք կսպառվեն, երբ գալիք սերունդներին այլևս կմնան միայն պոչամբարներ ու անապատներ. 50, 100, գուցե 200 տարի՞ հետո… Անշուշտ, որոշ ճշտությամբ դա հնարավոր է պարզել։ Սակայն ոչ մի փորձագետ, գիտնական կամ նույնիսկ մարգարե չի կարող իմանալ, թե երբ է լինելու մարդկության վախճանը, և դեռևս  քանի սերունդներ են ապրելու մեր երկրի վրա։
 
Երրորդ. հանքարդյունաբերությունը տնտեսության կայուն զարգացման ուղղություն չի կարող համարվել, քանի որ այն հակասում է կայուն զարգացման տեսությանը: Դեռևս 1987թ. Բրանթլանդի հանձնաժողովը (1980–ականներին ՄԱԿ-ը ստեղծեց  Բնապահպանության և զարգացման հանձնաժողով, որը հրատարակեց զեկույց «Մեր ընդհանուր ապագան վերնագրով։ Հանձնաժողովն այդպես կոչվում է իր նախագահ, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրո Հարլիմ Բրանթլանդի անունով) «կայուն զարգացումը» սահմանել է որպես զարգացում, որը «հոգալով ներկա կարիքները, չի վտանգում ապագա սերունդների` իրենց կարիքները հոգալու հնարավորությունը»։
 
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»։ Այս սահմանադրական նորմը, որը թեև շատ թերի է և խմբագրման կարիք ունի, նույնպես կոպտորեն ոտնահարվում է ամեն օր։ Հանքերը մեզանում բոլորովին էլ ողջամիտ չեն օգտագործվում, այլ մսխվում են, քանի որ դրանցից շատ դեպքերում ստացվում և արտահանվում են ոչ թե մետաղական ձուլակտորներ, այլ ընդամենը խտանյութ (օրինակ` պղնձի)։ Հետևաբար «կայուն զարգացման սկզբունքով» ղեկավարվելու և «ապագա սերունդների առջև» պատասխանատվությունը հաշվի առնելու մասին որևէ խոսք լինել չի կարող։ Այս առումով ակներև է մեր՝ ներկա սերնդի, կրավորական և, եկեք խոստովանենք, ոչ բարոյական կեցվածքը։ Թույլ ենք տալիս դեռևս չծնված մարդու սպանությունը, որի երեսը չենք տեսել, նրան չենք ճանաչում, և նմանապես ոչնչացնում, մսխում ենք ապրելու ու զարգանալու պայմանները գալիք սերունդների, որոնց նույնպես չենք տեսել ու չենք ճանաչում։
 
— Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունն իրավաչափ չէ, հակասահմանադրական է և շարունակաբար խախտում է ներկա ու գալիք սերունդների մարդկային անկապտելի իրավունքները։
 
— Այո: Մետաղական հանքարդյունաբերությունը Հայաստանում ուղղակիորեն հակասում է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման 3-րդ (առողջ կյանքի ապահովման), 13-րդ (կլիմայի փոփոխության դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու) և 15-րդ (էկոհամակարգերի պաշտպանության, վերականգնման և կայուն կառավարման) նպատակներին: Մինչդեռ, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, պարտավորվել են մինչև 2030թ. հասնել այդ նպատակներին։
 
Ամուլսարի հանքավայրի  հիմնախնդիրը կամ նրա նկատմամբ իշխանությունների ճիշտ մոտեցումը կարող է շահեկանորեն շրջադարձային նշանակություն ունենալ մեր երկրի մետաղական ամբողջ հանքարդյունաբերության համար։ Ավելո՛րդ են փորձագիտական նոր ուսումնասիրություններն ու նոր միջոցների ծախսումը։ Ամուլսարի շահագործման արգելման և, ընդհանրապես, Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության սահմանափակման պարագայում բյուջեի մուտքերի անխուսափելի նվազումը (ըստ hetq.am կայքէջի, միայն պղնձի արտահանումը կազմում է երկրի արտահանման մոտ մեկ քառորդը։) էական գործոն չեն ներկա ու գալիք սերունդների կայուն զարգացման և գոյատևման պայմանների նկատմամբ հարաճուն սպառնալիքների համեմատ։ Հարկ է իրավիճակը սթափ գնահատել ու խորամտորեն ու հեռատեսորեն կայացնել ճիշտ որոշում:
 
— Ձեր կողմից ներկայացված այս փաստերից ու դատողություններից անխուսափելիորեն ի՞նչ եզրակացություն կամ առաջարկ է բխում:
 
— Անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և գործողությունների պլան – ժամանակացույց, դրան համապատասխան, աստիճանաբար նվազեցնել մետաղական հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում, ի վերջո, այն թույլատրելով միայն մեր ռազմական արդյունաբերության, հարակից ճյուղերի զարգացման և ներքին մյուս կարիքների բավարարման համար անհրաժեշտ չափով։ Հենց դա՛ կլինի Սահմանադրության 12-րդ հոդվածով նախատեսված «կայուն զարգացման սկզբունքով ղեկավարվելով» բնական պաշարների «ողջամիտ» օգտագործումը։
 
Պետք է ոչ թե սպառողական, մսխողական տնտեսություն վարելով սպասել, թե երբ կսպառվեն ընդերքի վերջին կիլոգրամ ոսկին ու պղինձը, որպեսզի մտածենք, թե այդուհետ ինչպես պիտի ապրենք, կամ, Աստած մի արասցե, ուր պիտի արտագաղթենք, այլ այսօր իսկ  հարկ է զարգացնել տնտեսությունը՝ բոլոր հաշվարկներից հանելով ոչ միայն մեզ, այլև մեր սերունդներին պատկանող ընդերքը։
 
Որոշ երկրներ իրենց անապատներն են վերածում զարգացած բնակավայրերի։ Եկեք մեր ավետյաց երկիրն անկենդան անապատի չվերածենք, այլ առավել ևս զարգացնենք այն։ Կա՛ դրա ելքը, կա՛ն դրա ճանապարհները, քանզի ով փնտրում է՝ նա գտնում է այդ ճանապարհները, և ով բախում է՝ նրա առաջ բացվում են հաջողության դռները։
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ