Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը. ինչ կատարվեց


Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը. ինչ կատարվեց

  • 11-09-2019 11:56:24   | Հայաստան  |  Վերլուծություն

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Երեւան թըդեյ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վաղաժամ է ընդդիմության լիդերի փնտրտուքը: Նա այդպես արձագանքել է օրերս Ադեկվատ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում հնչած մտքին, թե ընդդիմության լավագույն, ամենապատրաստված առաջնորդը կարող է լինել Միքայել Մինասյանը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը:
 
 
Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ ընդդիմության լիդերի վերաբերյալ չկա միասնական կարծիք: Միաժամանակ նա ասել է, թե այժմ ձեւավորվում են ընդդիմության տարբեր կենտրոններ, որոնց խնդիրը պետք է լինի ոչ թե լիդեր գտնելը կամ որոշելը, այլ թույլ չտալը, որ իշխանությունը վնասի պետությանը:
 
Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը փաստացի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի ընդվզումն է Միքայել Մինասյանի քաղաքական հայտի դեմ: Մինասյանի քաղաքական հայտը բավականին նկատելի է, եւ էր՝ դեռեւս մի քանի ամիս առաջ նրա հրապարակած մի քանի ծրագրային հոդվածներից, որոնք առնչվում էին պետության հեռանկարին, արտաքին քաղաքականությանը, համահայկական կառուցվածքին:
 
Այն բանից հետո, երբ Ադեկվատ կուսակցությունը խոսեց Մինասյանի առաջնորդության մասին, տարածվեց նաեւ Հայաստանում ներքին իրավիճակի մասին Միքայել Մինասյանի մեկնաբանությունը՝ տեսանյութով: Դրանում նա նշում էր, որ Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածում էլ գերիշխում է «ռեւանշիզմը»:
 
Դրան էլ անմիջապես հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի ընդվզումը՝ նրա գրասենյակի ղեկավարի մեկնաբանությամբ: Ընդ որում, այստեղ խնդիրը թերեւս ավելի խորն է, քան զուտ պայքարը ընդդիմության լիդերի կամ այսպես ասած համակարգողի համար: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի գրեթե ամբողջ ընթացքում Միքայել Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային թիրախներից էր, եթե ոչ ամենաառանցքայինը:
 
Հեղափոխությունից հետո իրավիճակում թվում է, որ նրանց կարող է միավորել իշխանությունը՝ որպես ընդհանուր թիրախ: Սակայն դա կլինի քաղաքական իրողությունների եւ գործընթացների անադեկվատ պարզունակացում:
 
Առավել եւս, որ Միքայել Մինասյանի ելույթին հաջորդել է մեկ այլ հետաքրքիր արձագանք՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ոչ պակաս կարեւոր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է հրապարակել հոդված, որում դարձյալ գնահատել է ներքաղաքական իրադրությունը եւ արել երկու առանցքային արձանագրում՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի դերի, մյուսը՝ ՀՀԿ դերակատարման:
 
«Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ։ «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետևորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկություն ունեն։ Ռոբերտ Քոչարյանի գործոնն այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման և անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի», գրում է ՀՀԿ փոխնախագահը, երկրորդ նախագահին փաստացի դնելով քաղաքական գործընթացից դուրս, անգամ «երրորդ ճանապարհի» իմաստով:
 
Միաժամանակ, Արմեն Աշոտյանը անում է երկրորդ արձանագրումը, որ առանց Հանրապետականի չի կարող ձեավորվել ընդհանուր ընդդիմադիր բեւեռ, Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գործընթացից դուրս դնելուց բացի, ՀՀԿ-ն էլ դնելով Միքայել Մինասյանից առաջ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն