Ամերիաբանկը 20 մլն դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել


Ամերիաբանկը 20 մլն դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել

  • 11-09-2019 19:13:08   | Հայաստան  |  Ֆինանսներ

Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) և Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը: 
 
FMO-ն առաջին անգամ է Հայաստանում իրականացնում ՀՀ դրամով ֆինանսավորում սեփական միջոցների հաշվին: 
 
Յոթ տարի ժամկետով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև մինչև 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:
 
«Մենք բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ` Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի հետ արժեքավոր համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2009 թ-ին: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը` այս պայմանագրով մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում երկրի տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող նախագծերի ֆինանսավորումը կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը, իսկ երիտասարդների համար նախատեսված ֆինանսավորման նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ձեռներեցության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
 
«FMO-ն բարձր է գնահատում Ամերիաբանկի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տրամադրվող ֆինանսավորումն Ամերիաբանկին թույլ կտա շարունակել աջակցել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդ ձեռներեցներին», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:
 
 
FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում կայուն մասնավոր հատվածի աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է սոցիալական և տնտեսական զարգացմանը՝ արդեն ավելի քան 45 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը և բարելավել կյանքի որակը: Մասնավորապես, FMO-ն շեշտում է երեք ոլորտ, որոնք մեծ կշիռ ունեն տնտեսության զարգացման տեսանկյունից՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և գյուղատնտեսություն/սննդի արդյունաբերություն:  Ավելի  քան 82 երկրներում 9.6 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն այսօրվա   դրությամբ զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկն է աշխարհում: 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ