Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու


Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու

  • 16-09-2019 11:38:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը
 
-Պարոն Մարգարյան, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են 30 մլրդ 881.6 մլն դրամով: Չնայած ընդհանուր ներդրումներն աճել են 122 մլրդ 376.3 մլն դրամով, բայց ներդրումների դանդաղում է նկատվում: Շատերն այս հարցը կապում են Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիիճակի հետ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
 
-Նախ և առաջ Ամուլսարի ծրագիրը չպետք է կապել ներդրումների հետ, քանի որ դա ապագայի խնդիր է: Այս պահին ներդրողները միամիտ մարդիկ չեն, որ հետևեն այս նախագծի ընթացին ու դրանից հետևություն անեն, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի նախագծի՝ բնապահպանական խիստ վտանգավոր հետևանքով հղի, նախկին կոռուպցիոն համակարգի շրջանակներում ձևավորված ու շղթաներով անցած նախագծի: Ներդրողները չեն կարող հետևել այս նախագծին ու, ենթադրենք, ներդրումներ չանել տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Այստեղ կապեր չկան: Ուղղակի մթնոլորտն է լարված, և, բնականաբար, կառավարությունը ձգտում է մանևրել երկու բևեռների արանքում: Մի կողմում այդ նախագիծն է՝ իր հնարավոր իրավաբանական, արբիտրաժային կամ դատական հետևանքներով, մյուս կողմից բնապահպանական ու կոռուպցիոն այն ակնհայտ ռիսկերն են, որոնք ուղեկցել են այս նախագիծն ու հացրել մինչև այս կետը: Ես դրան կհավելեի նաև հեղափոխական շրջանի՝ նախորդ տարվա խոստումները, նաև այն, որ բնապահպանական ալիքի վրա է այս իշխանությունը ձևավորել իր օրակարգն ու գործունեության ծրագիրը: Այնպես որ, սա բարդ խնդիր է, և արագ լուծում չպետք է ակնկալել:
 
Մյուս կողմից, ներդրումային միջավայրի առումով որոշակի դրական ազդակներ կան, որոնք արձանագրում են նաև միջազգային վարկանիշային ընկերությունները: Այդ կառույցների կողմից երկրի ներդրումային դիրքի, վարկանիշի բարձրացման քայլերն ակնհայտ են: Երբ ասում ենք՝ ներդրումները դանդաղում են, պետք է նշենք՝ դա ի՞նչ է նշանակում: Արտաքի՞ն ներդրումների մասին է խոսքը: Այսօր ընդհանրապես աշխարհում ներդրումների համար իրավիճակը բարենպաստ չէ: Եվ այն տարածաշրջանը, որտեղ Հայաստանը գտնվում է, լավերից չէ ներդրումային ռիսկերի առումով: Նաև ինտեգրացիոն այն ձևաչափը պետք է հաշվի առնենք, որի մեջ ներգրավված է Հայաստանը, խոսքը ԵՏՄ մասին է: Այդ միության առաջատար երկիրը՝ Ռուսաստանը գտնվում է դաժան պատժամիջոցների տակ: Այնպես որ, եթե խոսում ենք ընդհանրապես ներդրումների ու ներդրումային օրակարգի մասին, պետք է բոլոր գործոնները հաշվի առնենք: Բայց մենք ունենք Սփյուռք, որն ունի հսկայական ներդրումային պոտենցիալ և, անկախ իմ թվարկած գործոններից, պետք է որ ներդրումների կայուն աճն ապահովեր: Այստեղ էլ, ինչպես երևում է, Հայաստանի իրողությունների վերաբերյալ վերապահումներ կան:
 
Բացի այդ, կառավարության հակակոռուպցիոն օրակարգը իր գործն անում է: Հայաստանում տասնամյակներ շարունակ ներդրումների մի հսկայական զանգված եկել է օֆշորային գոտիներից, որտեղ ծվարել է հիմնականում հայաստանյան կրիմինալ ծագումնաբանություն ունեցող կապիտալը: Հիմա հասկանալի պատճառով այդ հոսքերը դադարել են, նույնիսկ վերակողմնորոշվել են այլ երկրներ: Սա փաստ է, և ներդրումների կրճատման հիմնական պատճառներից մեկն էլ պետք է սա համարել: Բայց այսօր շատերը չեն ուզում նկատել դա, ավելին, այն լրատվամիջոցներն ու փորձագետները, ովքեր ածանցված են այդ շրջանակներին, նրանք անընդհատ այդ կեղծ օրակարգը նետում են հրապարակ ու քննադատում այսօրվա իշխանությանը: Ես կողքից չեզոք հայացք գցելով՝ հենց այդ տպավորությունն եմ ստանում՝ քննադատել մաքսիմալ, արժեզրկել ամեն ինչ և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել:
 
-Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի թեմային, վարչապետն էլ է ասում, որ եթե բնապահպանական ռիսկեր չեն լինելու, այդ պայմաններում բարդ է արգելել հանքի շահագործումը, քանի որ միջազգային ներդրողների համար դա վատ ազդակ է: Այդ պնդումն անում են նաև իշխող ուժի պատգամավորները: Հիմա դուք պնդում եք, որ ներդրումները կապ չունե՞ն Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի հետ:
 
-Այո, ես պնդում եմ, որ դա այդպես չէ, չի էլ կարող լինել: Նախ և առաջ, այդ ներդրումային ծրագիրը բոլոր առումներով խիստ կասկածելի է: Այն պետք է ուսումնասիրվի: Եթե  «Լիդիանը» բարի կամքի տեր ընկերություն է, պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում անցկացնի: Բայց կարծես թե այդպիսի մտադրություն չունի: Մյուս կողմից, այդ տարածաշրջանի բնակչությունը կտրականապես դեմ է այս նախագծին: Եվ այս երկու ծայրահեղ տեսակետների ուժով այդ ծրագիրը պարզապես չի կարող շարունակվել: Ուժային լուծումներ չեն կարող լինել, բռնությամբ ու ուժով չես կարող մարդկանց այդ բնակավայրերից քշել, ինչ է թե մեկ ընկերություն պետք է ներդրում անի ու աղտոտի ամբողջ միջավայրը:
 
Այլ հարց է, որ հիմնավորումները, շրջակա միջավայրի գնահատումներն ու անկախ փորձագիտական գնահատականները մարդկանց համոզեն, որ այդտեղ ոչ մի վտանգ չկա: Չնայած ինչպե՞ս կարող է չլինել ցիանային տեխնոլոգիաներով մշակվող, բաց պայթեցումների համակարգով աշխատող, առողջարանային քաղաքից ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող հանքի շահագործման դեպքում: Էլ չեմ խոսում Հայաստանի պոչամբարների հսկայական ցանցի մասին, հանքերը շահագործվել ու շահագործվում են այնպես, որ այդ ահռելի թունավոր զանգվածը դարձել է մեր լանդշաֆտի մի մասը: Սա չափազանց մեծ ճոխություն է: Եվ դեռ պետք է գնահատել վնասները, ոչ միայն բանապահպանական, այլ տնտեսական երկարաժամկետ վնասները, որոնք կունենան ոչ միայն Ջերմուկի տարածաշրջանը, այլ նաև Սևանի ավազանի գոտին, Որոտան-Արփա ջրահավաք ավազանի շուրջ վեց տասնյակ բնակավայրերը: Այնպես որ, կշեռքի նժարին շատ անհամադրելի բաներ են դրված, քան այդ 63 տոննա ոսկին ու 234 տոննա արծաթը: Նախորդ իշխանությունները սա բացարձակապես հաշվի չեն առել:
 
-Դուք ինքներդ էլ ասում եք, որ կառավարությունը դժվար խնդրի առաջ է կանգնած, երկու բևեռի արանքում է: Ի՞նչ լուծումներ կան այս իրավիճակում:
 
-Լուծումները մի քանիսն են: Նախ և առաջ, երբ ասվում է, որ Ամուլսարում ներդրվել է 400 մլն դոլար, անզեն աչքով էլ հասկանալի է, որ դա այդպես չէ: Իրական ներդրումներն առնվազն 10 անգամ պակաս են, քան հայտարարվում է: Հնարավոր է, որ «Լիդիանը» ծախսեր արել է, բայց ի՞նչ տեսքով: Մենք հո գիտենք, թե Հայաստանի հանքերի շահագործման թույլտվություններն ինչ կոռուպցիոն մեխանիզմներով են իրագործվել: Անհրաժեշտ է լուրջ, ոչ թե յուրա-իվանյանական տիպի քննություն: Թեպետ այդ քննությունն էլ պարզեց, որ փոխկապակցված անձանց շղթաներ են եղել, և դա ուղղակի խայտառակություն է: Պարզապես պետք է անաչառ քննություն, և այն ժամանակ երևի «Լիդիանի» ղեկավարները հասկանան, որ խնդրի առաջ են կանգնելու, եթե ընթանա օբյեկտիվ նախաքննություն և պարզվի, որ այդ ներդրումներն ամենևին էլ արված չեն լեգալ ներդրումների իմաստով: Իսկ եթե պարզվեց, որ կաշառքներ են տրվել այս ու այն պաշտոնյաներին, դա արդեն կարող է ողջ գործընթացի ուղղությունը թեքել, զարգացումները կուղղվեն հենց այդ ընկերության, ինչպես նաև այն բոլոր պաշտոնյաների դեմ, որոնք անտեսելով իրական ռիսկերն ու վտանգները՝ այդպիսի թույլտվություններ են տվել:
 
Երկրորդ, միջազգային արբիտրաժ կարող է դիմել լեգալ գրանցում ունեցող ընկերությունը: Իսկ «Լիդիանը» օֆշորային ընկերություն է: Եվ այն, որ նրանք հասցրել են այս ընթացքում գրանցել ինչ-որ դուստր ձեռնարկություններ, դա աճպարարություն է: Դա արել են՝ լավ հասկանալով, որ խնդրի առաջ են կանգնելու: Մյուս կողմից, կառավարությունն ինքը պետք է ավելի բաց ու շիտակ գործի և, այո, եթե վճիռներ լինեն, ու փոխհատուցումների խնդիր ծագի, այդ խնդիրը պետք է փորձի լուծել: Ես չեմ ասում՝ բյուջեի կամ հարկատուի հաշվին: Հակակոռուպցիոն այս պայքարի տրամաբանության մեջ մեծածավալ միջոցներ են ի հայտ գալիս: Այդ միջոցների մի մասը, այո, կարող է ուղղել այդ կարգի վեճերի լուծմանը: Այս խնդրի լուծումը, ես կարծում եմ, ի վերջո այդ ընկերության հետ լեզու գտնելն է՝ միաժամանակ ընդհանրապես փակելով այս ծրագիրը: Այս ծրագիրը չի կարող գործել, որովհետև ոզնուն էլ հասկանալի է, որ այն ռազմավարական առումով պարզապես ամայացնելու է Հայաստանը: Այսինքն՝ շատ լուծումներ կան՝ և կարճաժամկետ, և երկարաժամկետ առումով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play