Պայթյունավտանգ իրավիճակ. Վանեցյանը փակեց առիթից օգտվողների ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պայթյունավտանգ իրավիճակ. Վանեցյանը փակեց առիթից օգտվողների ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-09-2019 11:33:17   | Հայաստան  |  Քաղաքական



Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը և իր այդ քայլի պարզաբանումը լուրջ իրարանցում է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում:  
Անմիջապես տարբեր հասարակական ու քաղաքական գործիչներ  մենկաբանել են Վանեցյանի հրաժարականը՝ ներակայացնելով սեփական վարկածը:  
 
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը գրել է
 
«Վանեցյանի հրաժարականից հետո չգիտես ինչու սկսեցին ողբալ նախկին իշխանավորները և նրանց սատարողները:
Բավականին տարօրինակ երևույթ է:
Եթե իհարկե համարենք, որ Վանեցյանը իր պաշտոնավարման ժամանակ իրոք ծառայել է ժողովրդին և հեղափոխությանը:
Իսկ եթե ոչ, ապա ռոբասերժական կլանի ողբը արդարացված է:
Եթե խնդիրը դիտում ենք այս և Վանեցյանի հրաժարականի տեքստի համատեքստում,ապա դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում և կրկին հարցեր է առաջացնում:
Իսկ ով էր Վանեցյանի այն ընկերը, որ երաշխավորել է Վարչապետին նրան նշանակել ԱԱԾ տնօրեն:
Եվ արդյոք Վանեցյանի այդ ընկերը տեղյակ չի եղել առերևույթ դավադրության և պալատական հեղաշրջման փորձից:
Եվ եթե տեղյակ է եղել, ապա ինչ դերակատարում պետք է ունենար նա:
Այս բոլորը հարցեր են, որոնք պետք է ստանան պատասխաններ:
Դիմակները պետք է պատռվեն, այլ ելք չկա»:
 
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. 
 
«Փաշինյան - Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ - Քոմի (Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նախկին ղեկավար) ապահարզանին, որ հաջորդեց կարճ սիրախաղին, բայց ավարտվեց խոր և փոխադարձաբար ավերիչ թշնամանքով:
Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր աճեցրած հետախույզ-աստղը բաժանվում են որպես անհաշտ հակառակորդներ: Դա նոր իրավիճակ է ստեղծելու ներքաղաքական դաշտում, որտեղ նոր ազդեցիկ դիրքեր է ստանալու ԱԱԾ նոր տնօրենը:
Ամեն դեպքում՝ զոհաբերելով իր երբեմնի դաշնակիցներին և նորանոր հզոր թշնամիներ ստեղծելով իր համար՝ Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը»:
 
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է.
 
«Ողջ Հայաստանը վարչապետից ու կառավարությունից պահանջում է «արագ վազել», կրճատել ետ մնացածը, ավելի կտրուկ ու արագ գործել, Վանեցյանը թե բա՝ կանգ առ, շտապողականություն ու նման բաներ: Հա, Հայաստանի ժողովուրդն էլ 100 տարի սպասելու է, որ իշխանությունը երկուշաբթի քնի, երեքշաբթի արթնանա, չորեքշաբթի ֆուտբոլ խաղա, հինգշաբթի կառավարության նիստ անի, ուրբաթ էլ ֆրայդեյ փարթի... Ու ընդհանրապես, արժեր այդպես դուռը շրխկացնելով հեռանալ, երբ կյանքիդ ամենավառ աստղը վառվել է ու դու այդ թիմի շնորհիվ պատմության մեջ մնալու ես որպես ԱԱԾ պետ... Թե բոլոր դեպքերում բարձր ինքնագնահատականը այլևս թույլ չի տալիս իրականությանը սթափ նայել?... Մի խոսքով՝ քաղաքական տեսքտը հեչ սպայավայել չէր: Կարող էր շքեղ հեռանալ»:
 
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.
 
«Ես չգիտեմ՝ ծանո՞թ են Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը, ինչպես գրում են իշխանական քարոզչամիջոցներն ու ֆեյքերը, բայց դատելով Նիկոլի խոսնակի հերթական անադեկվատ ռեկացիայից ու 1in.am-ի՝ կառավարական շենքից թելադրված նյութից, Վանեցյանին, իբր, վնասելու համար փորձում են բերել Մինասյանի դաշտը:
Եվ սա իշխանության հերթական տակտիկական սխալն է: Եվ իրականում մեծ լավություն Վանեցյանին:
Մեր հնարավոր տարաձայնություններով հանդերձ, Մինասյանի հետ նույն դաշտում լինելը հետաքրքիր է եւ ադրենալինոտ։
Այս ֆոնին Նիկոլի դաշտը արդեն սպառված է, մեկ դերասանի թատրոն է հիշեցնում, որտեղ բացի իրենից ուրիշ գործող անձ չկա և արդեն պարզ է, որ այս թատրոնն ավարտվելու է արագ ու շատ վատ:
Ես չգիտեմ նաև Վանեցյանի հրաժարականի պատճառները, բայց այն, որ նա արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել, կասկած չունեմ:
Հ.Գ. Իսկ եթե իշխանական քարոզչամիջոցների կանխագուշակումները իրական են, ապա Վանեցյանի լեզվով ասած՝ Barcelona-ն կամ Real-ը ձեռք կբերեն Messi-ին՝ քանի որ Վանեցյանի պես ռեյտինգային գործիչը կարող է ուժեղացնել այն թիմը, որտեղ կգնա: Եթե իհարկե, գտնի իր խաղը»: 
 
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը գրել է.
 
«Փաշինյանը ԱԱԾ ղեկավարին պիտի հեռացներ գաղտնալսվելուց անմիջապես հետո: Էդ մասին ժամանակին ստատուս էլ եմ գրել; Բայց դե լավ է ուշ, քան երբեք:
 
Գրող հրապարակախոս Լիզա Ճաղարյանը գրել է.
 
«Պարոն Վանեցյան, եթե ձեզ դուր է գալիս նախկին ավազակախմբի ողբուկականը ձեր հրաժարականից հետո, եւ չեք պատրաստվում դրանց բերաններին շրխկացնել հրաժարականին հետեւած հուզիչ հայտարարության հանգույն, ուրեմն ձեր հրաժարականով մենք մեծ փորձանքից ենք պրծել։
Հուսամ, ձեր հետագա քայլերով հակառակը կապացուցեք»։
 
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է.  
 
«Մի բանում անհնար ա պարոն Վանեցյանի հետ չհամաձայնել։ Նրա հրաժարականը իր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահը սպասարկելու համար լավ լուծում էր։ Բայց, ամենանախընտրելիի ու ամենահիմնավորվածի վերաբերյալ կարելի ա բանավիճել։ Ապագայում, հույս ունեմ, կբացահայտվեն գործողություններ, որոնք կառընչվեն ՀՀ քրեական օրենսդրության սահմաններով անցման կամ էդ սահմանները հատելու փաստերի հետ։ Ի դեպ, սա ոչ միայն Վանեցյանին, այլ ներկայիս շատ պաշտոնյաների ա վերաբերում, որոնք ապագայի համար քրեական հոդվածներ ա, որ շալակում են ։)
 
ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճող) գրել է.
 
«Նոր կարդում եմ գեներալ-մայոր Վանեցյան Արթուրի հրաժեշտի խոսքը, և անկեղծ ասած զարմանում եմ, առավելևս, երբ հրաժեշտի մեջ պարտադիր շեշտադրվում է՝ «սպայի պատիվ»-ը սա է պարտադրում:
Քանզի, երբ հասնում ես հրաժեշտի խոսքի վերջին բացարձակ քաղաքական պարբերությանը, հասկանում ես, որ դա սպայի պատվի հետ աղերս չունի: Որովհետև ինձ համար, որպես Հայկական Բանակի սպա հստակ է, որ սպան հեռանալուց պիտի հեռանա գլուխը բարձր և լուռ, բայց դա միայն այն դեպքում, երբ պատշաճ իրագործել ա իր առաքելությունը:
Իսկ այն դեպքում երբ հակառակն ա՝ գլուխը կախ բայց էլի լուռ, սա ա «պատիվ ունեմի» հիմնական իմաստը:
Կարճ ասած, Արթուր ջան, եղբայր, սենց հախուռն, հապճեպ, էմոցիոնալ, անտեղի, սիրուն չէր և սպային ոչ հարիր»:
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը գրել է.
 
«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: ...»։ Ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ինչո՞ւ, էս ո՞ր դարն է, ինկվիզիցիայի դարաշրջան է՞, մարդ է, բան է ասել: Ավելի կարեւոր է, որ հենց իր հայտարարությունը բացի ու պատմի, ինչ ի նկատի ունի «Կանգ առ» ասելով Վանեցյանը, կարող է շատ կարեւոր վեճ կա, ու հանրությունը պիտի տեղեկանա, ոչ թե գուշակություններ անի ու խարդավանք որոնի, կարող է բան էլ չկա, ուղղակի դուռն է շրխկացնում:
Հարկ է, որ բացատրի իր հայտարարությունը, այլապես այն օրավուր արժեզրկվելու է»:
 
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վանաձորյան ասուլիսում հաստատել էր Ա. Վանեցյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, որին հաջորդել էր ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հրաժարականի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված է. 
 
«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ»:
 
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ արձագանքելով Ա. Վանեցյանի հայտարարությանը՝ նշել է
 
«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։
 
Ժամեր առաջ մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում Ա. Վանեցյանը հերքել է հատկապես նախկին քաղաքական թիմերի որևէ համագործակցություն ունենալու մասին կասկածները՝ հայատարարելով. 
 
«Ես իմ հրաժարականի հարցով չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես չեմ փոշմանել կատարած քայլից։ Քաղաքականություն մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված՝ այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք: 
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play