ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը


ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ...«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

  • 18-09-2019 21:51:20   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Հաշվի առնելով վերջին ամիսներին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները, դրան զուգահեռ հետևելով երկրում տեղի ունեցող այլ քաղաքական և ոչ քաղաքական իրադարձություններին՝ ուզում ենք խոսել ավելի բաց և լինել ավելի հասկացված ժողովրդի կողմից։
 
Նախ եկեք ամրագրենք հետևյալը՝
1. Նախորդ իշխանությունների ներգրավումը այս պայքարի մեջ համարում ենք անհնարին, քանի որ այս կործանարար հանքի շահագործման թույլատվությունը, օրենքների խեղումը տեղի է ունեցել հենց իրենց օրոք։
Ավելին, մենք պահանջում ենք այսօրվա իշխանություններից հետևողական կերպով բացահայտել այն բոլոր խախտումները, որոնք տեղի են ունեցել նախորդների ժամանակ և կիրառել համապատասխան պատժամիջոցներ։
Ուստի ամրապնդենք հետևյալը. այս պայքարը ձկնորսների համար անպտղաբեր է։
 
2․ Մեր պայքարը թևակոխում է մի նոր փուլ, որտեղ մենք պետք է լինենք ավելի կազմակերպված, ավելի վճռակամ և քայլենք ավելի տրամաբանված քայլերով։
Խնդիրը վաղուց հատել է միայն բնապահպանական լինելու սահմանագիծը, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների կոպիտ անտեսում, զբոսաշրջային քաղաքի սոցիալական կարգավիճակի փոփոխություն, և հաշվի առնելով հանքի դիրքն ու բարձրությունը՝ բնապահպանական խնդիրներից ծնվում են նաև ռազմավարական և ազգային անվտանգությանը հարվածող ռիսկեր։
 
3․ Սկսել են նոր գրոհներ մեր պայքարի ուղղությամբ, մեզ արդեն հարվածում են մեր կողմից չսպասված ուժեր, ինչի մասին կխոսենք սեպտեմբերի 20-ին և դրանից հետո։ Մենք ժամանակ ենք տվել կառավարությանը մինչև ամսի 20-ը, և նորից ամրագրում ենք դա. մինչև սեպտեմբերի 20-ը սպասում ենք, որ կառավարությունը կփոխի իր որոշումը: Կոչ ենք անում, որ հանուն տնտեսական ժամանակավոր շահի, երկիրը չուղեկցել նոր ցնցումների և պառակտման։
 
4․ Սեպտեմբերի 20-ին տարբեր բնապահպանական և ոչ բնապահպանական կազմակերպությունների կողմից կազմակերպվում են ցանցային միջոցառումներ՝ միանալով միջազգային բնապահպանական օրվան։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը սեպտեմբերի 20-ին դուրս է գալու մեծ ու լայնածավալ իրազեկման ակցիայի, որի ընթացքում էլ արդեն կհայտարարվեն մեր հետագա անելիքները։
 
Ամփոփելով վերը գրվածը, ուզում ենք շեշտել հետևյալը՝
 
-Մեր պայքարն արդար է
 
-Մեր պայքարի մեջ ատելություն չկա ու չի լինելու
 
-Մենք դեմ չենք գնալու ոչ ոքի, մենք գնում ենք հանուն
Ամուլսարի ու տարածաշրջանի անվտանգության
 
-Մենք վճռակամ ենք ու գնալու ենք մինչև վերջ՝ մինչև լեռան ազատագրում, այլ տարբերակ չկա․․․
 
Ամուլսարը մեր հայրենիքի մի կտորն է, Ամուլսարը գտնվում է մեր հանրապետության ճիշտ կենտրոնում, Ամուլսարը մերն է, Ամուլսարը մենք ենք․․․
Նոյյան տապան  -   Հասարակություն