Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ


Ամուլսարյան մղձավանջ. հրեշավոր երազ

  • 20-09-2019 11:58:54   | Վայոց ձորի մարզ  |  Վերլուծություն

               
             Ամուլսարի հանքերևակման շահագործումը թույլ տալուց և պաշտոնանկ լինելուց հետո, Հայաստանի վարչապետը դարձավ ժողովրդի համար ատելի ու մերժված: Մերժվեց նաև իր շրջապատի մեծամասնության կողմից և ստիպված եղավ առանձնանալ իր բնակարանում՝ համեմատաբար տանելի հարաբերություններ ունենալով իր զավակների հետ: Հենց նրանց ականջալուր լինելով էլ սկսեց կարդալ ժամանակին հրապարակված Ամուլսարի կործանարար ծրագրին վերաբերող փաստաթղթերը, և ապա՝ ուսումնասիրել հանքարդյունաբերության, գլխավորապես, մետաղական հանքավայրերի շահագործելուց հետո առաջացած անլուծելի խնդիրները: Երկու տասնամյակ հետո նա այդ բնագավառն արդեն շատ լավ պատկերացնում էր: 
 
      Խնդրի բուն էության գիտակցումը և կատարվածի անդառնալիությունը նրան դարձրել էին տխուր, մռայլ ու ինքնամփոփ: Միայն այդ ժամանակ նա կարողացավ հասկանալ, թե խնդրից անտեղյակ և ինքնավստահ պաշտոնյայի կամայական որոշումը ինչ կործանարար հետևանքներով է հղի և սկսեց գիտակցել իր կատարածի եղերականությունը: 
         Ամենօրյա մտորումները նրան բերել էին այն հաստատուն համոզման, որ բնության թունավորումն ու ոչնչացումը՝ անուղղակի մարդասպանություն է, իսկ կատարած հանցագործության ինքնագիտակցումը շատ ավելի ծանր ու անտանելի է, քան մահապատիժը:  
         Նախկին վարչապետը իրեն պարուրված դառնությունն ու կսկիծը մեղմելու նպատակով ոտքով շրջագայում էր Հայաստանի բնաշխարհով մեկ, ծպտված, գլխին կեղծամ կրելով: 
       Ամուլսարի հանքերևակման շահագործմանը բռնությամբ ընթացք տալուց տասնամյակներ անց, ծերունի նախկին վարչապետը, որը դեռևս չեր կորցրել արագ քայլելու իր կարողությունը,  այցելել էր Ջերմուկի տարածաշրջան, ուր նրա հայացքի առաջ հառնել էր՝ մղձավանջային մի իրողություն: Ծվատված սարեր, բլուր հիշեցնող թափոնակույտեր և դրանցից սկիզբ առնող դեղնադարչնավուն ջրերով աղբյուրներ,  կենդանազուրկ-մեռյալ գետեր, ամայացած տարածքներ, կիսաամայացած բնակավայրեր ու հովիտներ, նախկին այգիների մնացորդներ,  ամենուրեք՝ տհաճ ու խեղդող հոտ, իսկ Գնդեվազի մոտակայքում՝ ցիանիդով մշակված հանքաքարի բլուրից  փչող գարշահոտություն... 
       Այս պատկերի առաջ նա համոզվեց՝ մահվան ճարտարապետի իր դերակատարման մեջ:
         Այդ օրվա ուղևորության ընթացքում, մոտենալով Ջերմուկ տանող մայրուղու եզրին տեղադրված ցիանիդով վերամշակված հանքաքարի մոտ 120 մետր բարձրությամբ գարշահոտ բլուրին, որը պարուրված էր ջրհոսքերից առաջացած բազում ակոսներով. դրա ստորոտում տեսավ իր արձանը: 
        Լիդիանը այն կառուցել էր սեփական միջոցներով, հենց Ամուլսարի հանքերևակման շահագործման թույլտվությունը ստանալուն պես, ի նշան խորը երախտապարտության, քանզի այդ տարիներին նա ՀՀ վարչապետ լինելով հանդերձ նաև Լիդիանի ջերմեռանդ ու անփոխարինելի քարոզիչն էր: 
         Արձանը մետաղից էր, ոսկեզօծ՝ մոտ մեկ միկրոն հաստությամբ ոսկու շերտով: Լիդիանը միայն այդքան ոսկին էր թողել Հայաստանում: 
       Արձանը տարիների ընթացքում՝ ավազախառն ու ուժգին քամիների, ուտիչ ու ագրեսիվ նյութերով հագեցած միջավայրում աստիճանաբար կորցրել էր ոսկու հիմնական մասը, մետաղի օքսիդացում-քայքայումը ծայրագույնս աղավաղել էր արձանի դեմքը և այն արդեն պատկերում էր ուժասպառ ու մռայլ մի ծերունու, երբ Լիդիանի պատվերով նշանավոր քանդակագործը  կերտել էր մոտ քառասունամյա մի երիտասարդի: 
        Նախկին վարչապետը, այս անգամ չցանկացավ մոտիկից անգամ մեկ հայացք ձգել արձանին, մոտեցավ թափոնակույտը խորությամբ ակոսած մի փլվածքի, հայտնի ուսապարկից հանեց տանից բերված ջրով լի շիշը՝ ցանկանալով մեղմել կոկորդի խեղդոցն ու ծարավը, ինչպես նաև սաստկացող շնչահեղձությունը: Սակայն չկարողացավ, քանզի բերանը լցված՝ շրջապատի աղտեղության հոտն ու համը, դառնաղի թույնի համ տվեցին՝ կենարար այդ ջրին: 
         Այդ պահին արձանին էին մոտեցել էքստրեմալ տուրիզմով զբաղվող երկու երիտասարդ, որոնք շրջակա գարշահոտությունից  պաշտպանվել էին շնչադիմակներով: Նրանցից մեկը, մատնացույց անելով խամրած ու այլանդակված քանդակը, դառնորեն ասաց, թե տասնամյակներ առաջ այս մարդը չհասկանալով խնդրի էությունը և ականջալուր չեղավ ժողովրդի պահանջներին ու թախանձանքներին, կոպտորեն ոտնահարեց նրա իրավունքները և չկանխեց այն աղետը, ինչին ականատես ենք... 
       Այս ամենը նաև տեսավ ու լսեց կյանքի ու մահվան երկընտրանքի առջև կանգնած ծերունին և նա ավելի խորը գիտակցեց իր կատարած մահասփյուռ ու հայրենասպան արարքի աններելիությունը: Նա ցանկացավ լաց լինել, սակայն արցունքի  ոչ մի կաթիլ: Նա արդեն դժվարանում էր շնչել: Նախկին վարչապետը կարողացավ միայն շիշը մի կողմ շպրտել ... 
     Երիտասարդները լսեցին կոտրվող ապակու ձայն և մոտենալով տեսան փշրված շիշ և ծերունու դիակ, ինչը ամփոփեցին հենց այդ արհեստական բլուրի մեջ:    
                     
Հակոբ Սանասարյան     
2019-09-20    
 
Հ.Գ. –Վերը նկարագրած երևակայական մղձավանջը գրվել է միայն ՀՀ պաշտոնյաներին սթափեցնելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  Լիդիանը պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը երբեք ու երբեք  թույլ չի տա, որ շահագործվի այդ հանքերևակումը:
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Վերլուծություն