Ուժի ցուցադրություն Ջերմուկում. Ռոբերտ Քոչարյանի բանաձեւն աշխատեց


Ուժի ցուցադրություն Ջերմուկում. Ռոբերտ Քոչարյանի բանաձեւն աշխատեց

  • 20-09-2019 16:22:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Սեպտեմբերի 20-ին Ջերմուկի, Գնդեվազի, Ամուլսարի տիրույթի այլ բնակավայրերի բնակիչները իրականացրել են Ամուլսարի պաշտպանության ակցիա՝ գործադուլ, դասադուլ, երթ: Ակցիային ներգրավվել են նաեւ դպրոցական երեխաները:
 
Սեպտեմբերի 20-ի ակցիան հնարավոր է գնահատել իբրեւ Ամուլսարի պաշտպանության ուժի ցուցադրություն: Անկասկած է, որ ցուցադրվել է ամենեւին ոչ ամբողջ ուժը: Բայց, դրսեւորվել է դիմադրության այն խնդիրը, որին կարող է բախվել իշխանությունը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացնի Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու որոշում:
 
Վարչապետն արդեն իսկ կոչ է արել ճանապարհը բացել, համարելով, որ փակելը անօրինական է, եւ Հայաստանում կա լեգիտիմ կառավարություն, որը հարկ եղած դեպքում ինքը կորոշի փակել որեւէ ճանապարհ, եթե կատարվի որեւէ անօրինականություն: Վարչապետի կոչը սակայն մերժվել է: Ավելին, դրան հաջորդել են պայքարի առավել արմատական արձագանքներ:
 
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի թեմայով խոսեց առավել բաց, հայտարարելով, որ միջազգային բոլոր ներդրողները սպասում են, թե ինչ է լինելու Ամուլսարի հարցը, որովհետեւ ոչ ոք ներդրում չի անի, եթե կարող են հանկարծ ի հայտ գալ ճանապարհ փակող «դիրքապահներ»:
 
Այդուհանդերձ, հարցը մնում է բաց՝ պատասխանատվություն ստանձնու՞մ է կառավարությունը ճանապարհ բացելու համար, կամ ճանապարհ փակելու համար: Վարչապետը հայտարարել է, որ Ամուլսարի հարցում գնալու են ճշմարտությունը գտնելու ճանապարհով: Բայց արդյոք այդ ճանապարհն ունի վերջ: Ինչքա՞ն ժամանակ կա այդ ճանապարհով գնալու համար: Որովհետեւ կյանքը կանգ չի առնում, մինչ Հայաստանի կառավարությունը կքայլի ճշմարտության հասնելու ճանապարհով:
 
Մյուս կողմից, վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի փորձում է գտնել ոչ թե ճշմարտությունը՝ այն գուցե գտել է եւ արտահայտել իր արդեն հայտնի դիրքորոշումներում, որքան փորձում է գտնել այդ դիրքորոշումները առանց ոստիկանության ուժի կյանքի կոչելու ճանապարհը: Վարչապետի համար դա առանցքային խնդիր է: Ակնհայտ է, որ բռնությունը որպես հարց լուծելու ճանապարհ բացառող վարչապետը անում է ամեն ինչ՝ Ամուլսարի հարցում ուժային լուծման դիլեման հնարավորինս հետաձգելու համար, թեեւ որքան այն հետաձգվում է, գուցե այդքան ավելի ակնառու է դառնում այլընտրանքի բացակայությունը:
 
Բանն այն է, որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանը գործնականում մենակ է, Ռոբերտ Քոչարյանի հայտարարած «կոնսենսուս մինսուս մեկ» բանաձեւը Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանի դեմ արդեն առկա է, եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական, նախկին կամ ներկա ուժերից միայն Արամ Զավենի Սարգսյանն է, որ միարժեք խոսել է Ամուլսարի հանքի շահագործման օգտին: Մնացյալ ուժերը դիրքավորված են հանքի շահագործման դեմ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն