«Կասպերսկի» ընկերությունն անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինար
04-10-2019 12:09:52 | Հայաստան | Կազմակերպություններ
Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացրել է ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության հերթական սեմինարը։
Սեմինարին մասնակցել են ՀՀ ուժային գերատեսչությունների, պետական կառույցների և կրիտիկական ենթակառուցվածքները (կապ, էներգետիկա, ջրամատակարարում, գազամատակարարում, տրանսպորտ) կառավարող առաջատար ընկերությունների մասնագետները։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում և Մոնղոլիայում կառավարման տնօրեն Եվգենի Պիտոլինը ներկայացրել է «Պետության պաշտպանությունը որպես ռազմավարություն։ Կիբեռանվտանգությունը որպես ազգային անվտանգության մաս։ Գրոհներ ՀՀ-ի և աշխարհի վրա» և «Kaspersky Interactive Protection Security բիզնես-նմանակում։ Կիբեռհետաքննություն առցանց ռեժիմում» արդիական թեմաները։
«Աշխարհի առաջատար երկրները վաղուց արդեն կիբեռանվտանգությունը դիտարկում են որպես անվտանգության ազգային համակարգի բաղադրիչ։ Անվտանգության արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների դիմագրավող Հայաստանը ևս այդ ճանապարհին է։ Այստեղ կարևոր է կիբեռանվտանգության ռազմավարությունները կամ հայեցակարգերը կիրառողների մասնագիտական պատրաստվածությունը և այն, թե ինչ գործիքակազմով են նրանք լուծում իրենց առջև դրված խնդիրները։ «Կասպերսկի» ընկերությունն այս սեմինարին ներկայացրեց բարդ և թիրախային կիբեռհարձակումներին դիմագրավելու ամենաարդյունավետ և առաջավոր տեխնոլոգիաներն ու լուծումները, որոնք, համոզված եմ, լայնորեն կկիրառվեն ՀՀ ուժային, պետական և կրիտիկական ենթակառուցվածքները կառավարող կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտի մասնագետների կողմից՝ նպաստելով Հայաստանի կիբեռանվտանգության ապահովմանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինարի մասնակիցները քննարկել և պարզաբանել են կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն