Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացրեց Ալիեւին, դարձրեց 6-րդ պալատի սուբյեկտ. Ստյոպա Սաֆարյան


Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացրեց Ալիեւին, դարձրեց 6-րդ պալատի սուբյեկտ. Ստյոպա Սաֆարյան

  • 11-10-2019 16:40:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից:
 
Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ:
 
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումը այդ նիստի ընթացում՝ մանավանդ գրավոր (նախապատրաստված) ելույթի տեսքով:
 
«Ալիեւը շատ խորամանկ հաշվարկ էր արել եւ Գարեգին Նժդեհի թեմայի արծարծումը իսկապես լավ նախապատրաստված էր: Ալիեւի թիրախը հայ-ռուսական հարաբերություններն էին: Նա մի քանի բան լավ գիտի. ֆաշիզմի դեմ պայքարը եւ, ընդհանրապես, երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետսական միության տարած հաղթանակը դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար սուրբ թեմա է, սուրբ խաղաքարտ: Մենք բոլորս  եւ նաեւ Ալիեւը հետեւում է, թե ինչպես է նա այդ խաղաքարտը ամեն տարի շքերթներով եւ այլնով խաղարկում: Եվ այս թեմայի տակ Ալիեւը խորամանկորեն դրել էր մեկ այլ թեմա՝ Գարեգին Նժդեհին:
 
Տարիներ առաջ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով (ԱԳՆ խոսնակի մակարդակով) եւ մերձկրեմլյան փորձագետների միջոցով «հարձակում» գործեցին, թե ինչպես ենք համարձակվում Հայաստանում կանգնեցնել Նժդեհի արձանը, որն, ըստ էության ոչ թե ֆաշիզմի դեմ է կռվել, այլ նացիստների հետ համագործակցել է: Ալիեւը փորձեց ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Նժդեհին տեղավորելով այդ՝ Պուտինի համար սուրբ սրբոց հանդիսացող թեմայի մեջ եւ փորձեց հասնել նրան, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ե’ւ ստանձնի պատասխանատվությունը, ե’ւ պատասխանելու բան չունենա»,- ասաց Սաֆարյանը:
 
Ըստ քաղաքագետի, սակայն, ՀՀ վարչապետի պատասխանն «ուղղակի հրաշալի էր, փառահեղ»:
 
«Որքան էլ այն Նժդեհի ամբողջական գործունեությունը չէր արտացոլում, բայց զուտ քաղաքական տեսանկյունից (որովհետեւ Նժդեհը նաեւ Հայաստանն է փրկել, եւ Արցախի բռնակցմանն է դեմ արտահայտվել), վարչապետի պատասխանը շատ ճիշտ հարթության վրա էր: Իհարկե Նժդեհի մասին  վարչապետը շատ ավելին գիտի եւ կարող էր խոսել, բայց այն պատասխանը, որ տրվեց Ալիեւին՝ բավարար էր նրան նվաստացնելու համար: Ընդ որում, Փաշինյանը նրան մեղադրեց ոչ միայն պատմության փաստերը խեղաթյուրելու մեջ, այլ նաեւ հեգնեց. «Կովկասի գերուհին» ֆիլմի Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացնում էր Ալիեւին, դարձնում նրան 6-րդ պալատի սուբյեկտ: Նա նաեւ խաղի կանոն էր թելադրում՝ հանդիմանելով Ալիեւին հարթակը եւ խոսափողը նման բաների համար ծառայեցնելու համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը