Գագիկ Ծառուկյանի նոր նվաճումը եւ ակնարկը նախկին իշխանությանը


Գագիկ Ծառուկյանի նոր նվաճումը եւ ակնարկը նախկին իշխանությանը

  • 14-10-2019 16:12:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության եթերում նախօրեին ծավալուն ռեպորտաժ էր Ծառուկյանի կառուցած առեւտրի նոր կենտրոնի մասին, որտեղ պետք է գործունեություն ծավալեն ոսկու, թանկարժեք այլ մետաղների եւ քարերի առեւտրով զբաղվող ընկերություններ ու անհատներ: Բացմանը մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանի Ծառուկյան խմբակցության մի շարք ներկայացուցիչներ:
 
 
Խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Սերգեյ Բագրատյանը, ներքաղաքական թեմաներով մամուլի ասուլիս էր տվել հոկտեմբերի 14-ին, որտեղ հայտարարել էր, որ քաղաքական «դիսկուրսը» Հայաստանում խորհրդարանի պատերից ներս է, իսկ պատերից դուրս «դիսկուրսը» քաղաքական չէ, եւ հին իշխանությունը պետք է հասկանա, որ իր գնացքը գնացել է անվերադարձ: Սերգեյ Բագրատյանը նաեւ բավական դրական էր արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների կապակցությամբ, որ Հայաստանի նոր իշխանության համար չկա ընդդիմադիր եւ իշխանամետ գործարար, բոլորը հավասար են:
 
Հայաստանում ներկայում սկսվել է կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթաց, խորհրդարանն այդ կապակցությամբ սկսել է աշխատել հանրային տարբեր շերտերի հետ:
 
Օրենսդրական այդ փոփոխությունները հիմնարար նշանակություն ունեն Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու հարցում, ինչը խորքային համակարգային խնդիր է, որ հատկապես «սպանել» է քաղաքականությունը նախորդ իշխող համակարգի պայմաններում: Այդ համակարգի առանցքային սյուներից էր հենց բիզնեսի եւ քաղաքականության, բիզնեսի եւ իշխանության սերտաճումը:
 
Հայաստանի նոր քաղաքական «դիսկուրսում» բիզնեսի եւ քաղաքականության ինստիտուցիոնալ տարանջատման մասին խոսակցությունը հատկապես աշխուժացավ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, որտեղ ԲՀԿ ոչ պաշտոնական սատարմանն արժանացած թեկնածուն՝ գործող քաղաքապետը, հաղթեց Իմ քայլի թեկնածուին: Իհարկե, Աբովյանի քաղաքապետի ընտրությունը ներառում էր նաեւ մի շարք այլ քաղաքական ինտրիգային շերտեր, այդ թվում Իմ քայլի ներքին տիրույթում, սակայն դրանից հետո աշխուժացավ խոսակցությունը, որ հեղափոխությունից հետո խորքային առումով հաղթահարված չէ բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման երեւույթը:
 
Առանց դրա, Հայաստանում գործնականում կամ անհնար, կամ շատ դանդաղ է լինելու քաղաքական արդիականացման գործընթացը, հանրային, քաղաքական, պետական արդիական ինստիտուտների ձեւավորման գործընթացը:
 
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այստեղ ունի «էտալոնային» իմաստ կամ նշանակություն: Իհարկե, բոլորովին վերջերս ընդհուպ իրավապահ համակարգի «կնիքով» հաստատվեց, որ կուսակցապետ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում բիզնեսով, սակայն հանրային գիտակցության մեջ հաստատված է այլ բան, եւ այդ թվում Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության ջանքով:
 
Կփոխի՞ որեւէ բան կուսակցությունների մասին նոր օրենքը, Ընտրական օրենսգիրքը, որի փոփոխության ուղղությամբ աշխատանք է սկսել խորհրդարանը: Թե՞ կփոխի միայն Ծառուկյան խմբակցության վարքագծում, իշխանության հանդեպ քաղաքական գնահատականների հարցում, կուսակցությունների եւ Ընտրական օրենսգրքի մշակման գործում անցանկալի մշակումներից ապահովագրվելու նկատառումով:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն