Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ


Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

  • 18-10-2019 10:37:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Առանձնակի կարևորելով պրոֆեսորի ավանդը Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի բարեփոխումների և համաշխարհային ճանաչումը նորարարական գաղափարների մշակման հարցում՝ քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Արա Դարզին իր ներդրումը կունենա նաև Երևանի առողջապահական համակարգի զարգացման գործում:
 
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի քաղաքապետարանում և մենք ակնկալում ենք այս շփումների ու համագործակցության ապահովման շարունակականությունը: Ձեր գիտելիքների փոխանցումը վստահ եմ կարևոր դերակատարում կունենա ի նպաստ Երևանի առողջապահական համակարգի զարգացման»,- նշել է քաղաքապետը:  
 
Լորդ Արա Դարզին իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել՝ Երեւանի առողջապահությանն օգտակար լինելու հարցում:
 
Արա Դարզին նաև Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Մինչ օրս նա ավելի քան 1000 հետազոտությունների հեղինակ է, մասնավորապես վիրաբուժության, լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու բնագավառում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն