Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը


Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը

  • 19-10-2019 14:37:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:
 
 
Այս մասին տեղեկանում ենք  Երվանդ Մանարյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:
 
Մարությանն այցելել է Մանարյանի տուն և այնտեղ հանձնել կոչումը:
 
«Ինձ համար մեծ պատիվ է»,- ասաց դերասանը և շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին:
 
Հայկ Մարությանն էլ իր հերթին ասաց, որ անձամբ իր համար շատ մեծ պատիվ է, որ Երևանն ունի Մանարյանի նման քաղաքացի:
 
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
 
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:
 
2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝  ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը