Խոշոր հատկացում` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» շինարարությանը


Խոշոր հատկացում` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» շինարարությանը

  • 14-11-2019 15:50:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ  կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ:
 
Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը, որի կատարման համար հատկացվել է ավելի քան 716 մլն 653 հազար դրամ, որից 713 մլն 653 հազար դրամը նախատեսված է բուն շինարարական աշխատանքների, իսկ 3 մլն դրամը` նախագծային շտկումների  համար, որի անհրաժեշտությունն առաջացել է` պայմանավորված կառուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով (նախորդ նախագիծը հաստատվել է 2014 թվականին): Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` տեղեկացնելով, որ քոլեջի շինարարությունը ՀՀ  կառավարության և Եվրոպական միության միջև 2016թ. դեկտեմբերին ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» համաձայնագրի նախապայմաններից է: «Քոլեջի շինարարությունը կշարունակվի նաև 2020 թվականին, ավարտը նախատեսված է 2021 թվականին»,- տեղեկացրել է Արևիկ Անափիոսյանը` ավելացնելով, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում քոլեջի շինարարության համար գումարներ նախատեսված են: Համաձայն կառավարության որոշմանը կից ներկայացված հիմնավորման` նախորդ տարիներին աշխատանքներն իրականցվել են ընդհատումներով: «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» վերանորոգման աշխատանքները սկսվել են 2014թ-ից, որի համար կազմվել է ամբողջ քոլեջի վերակառուցման նախահաշիվ`
 
1 մլրդ 780 մլն  դրամ նախահաշվային արժեքով: 2015թ-ին հատկացվել է 60 մլն 217 հազար դրամ, 2016թ-ին աշխատանքներ չեն իրականացվել, 2017-2018թթ-ին փաստացի հատկացվել է 190 մլն. դրամ, 2019թ-ին նախատեսվել է 230 մլն դրամ:  Այսինքն` ավարտին հասցնելու համար մնացորդը կազմում է 1 մլրդ 300 մլն դրամ։  Կատարված նոր ֆինանսավորումը հնարավարություն կտա, որ այժմ ընթացքող  շինարարությունը ոչ միայն չընդհատվի, այլ շարունակվի ավելի մեծ տեմպով:
 
Նույն որոշմամբ կատարված բյուջետային վերաբաշխման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախագծային աշխատանքների համար հատկացվել է 14 մլն 430 հազար դրամ: Ինչպես իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, շուրջ 890 աշակերտ ունեցող դպրոցի երկու մասնաշենքերից մեկը վերանորոգված է, բայց կրթական գործընթացի կազմակերպման լիարժեք պահանջներին չի բավարարում և այժմ մշակվելու է երկրորդ մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման նախագիծը:
 
Նույն որոշման երրորդ կետով առաջարկվում է 2019 թվականի բյուջում նախապես պլանավորված «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի փոխարեն վերակառուցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ապարանի մասնաճյուղի» շենքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն