Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան


Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

  • 18-11-2019 18:19:28   | Հայաստան  |  Հասարակություն

ՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու մասին: Ալեքսանյանը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին: Այս նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին: Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի – Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ: «Ըստ վիճակագրության՝ մինչև հինգ տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի ու դե իհարկե, անպայման առողջ սնվի», – նշեց Ալեքսանյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունն ու աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը»,- ավելացրեց Ալեքսանյանը:
 
Վերջին երկու տասնամյակներում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում. նշանակալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, բարձրացել է բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը, մինչ 18 տարեկանների բուժումը դարձել է անվճար: Այնուամենայնիվ, երեխաների սնուցման և ֆիզիկական ակտիվության վիճակագրությունը շարունակում է անհանգստացնել: «Ուրախ ենք, որ օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Որպես երեխայի իրավունքների և առողջ ապրելակերպի ջատագով, Ալեքսանյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
 
«Վաղ հասակում պատշաճ սնուցումը նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև ուղեղի զարգացմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում առողջ մանկությունը յուրաքանչյուր երեխայի համար իրականություն դարձնելու գաղափարի»: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:
Նոյյան տապան  -   Հասարակություն