Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր


Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

  • 20-11-2019 16:30:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նոյեմբերի 20-ին Երևանում հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: «Մենք մշտապես ուշադիր հետևում ենք քաղաքական դաշտում ձեր ունեցած հաջողություններին և ուրախ ենք, որ, չնայած օբյեկտիվ խնդիրներին, Արցախի համար կարևոր պատուհան եք բացում դեպի Եվրոպա: Մեր ժողովուրդն ունի քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար դասվելու բոլոր իրավունքները, և այս իմաստով յուրաքանչյուր սահմանափակում անընդունելի է մեր կուսակցության համար»,- նշել է Հյուսնունցը:
 
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ  Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:
 
«Ադրբեջանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու, որպեսզի Արցախի նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը վերացվի: Ես և իմ կուսակցական գործընկերները բարձր ենք գնահատում Արցախի ժողովրդի արդարացի պահանջները և այս հարցում Ձեր քաղաքական ուժի դերը շատ մեծ է: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ համագործակցությունը խորացնելու հարցում»,- նշել է Բերգը և ներողություն խնդրել այս անգամ Արցախ չայցելելու համար:
 
Հյուսնունցը և Բերգը միասին այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play