«Ինձ զարմացնում է, որ այս այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամները»


«Ինձ զարմացնում է, որ այս այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամները»

  • 03-12-2019 18:39:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Դուք այսօր այս ամբիոնից չէիք խոսի Երևանի քաղաքապետարանի կամազների խնդրի մասին, եթե չլիներ ավագանու Լույս խմբակցությունը: Եթե խոսում եք քաղաքապետարանի թափանցիկ գործելաոճի մասին, ես ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ մենք բացահայտեցինք այդ թեման, և եթե չհրապարակեինք, ձեզանից շատերը չէին իմանա այդ մասին»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
 
Նա նշեց, որ իշխանությունն իրենց լռեցնելու այլ մեթոդ է ընտրել: «Այս օրերի ընթացքում շատ կանոնակարգված, ուղղորդված ու համակարգված հարձակումներ են եղել, ֆեյքային հարձակումներ Լուսավոր Հայաստանի վրա: Մենք այդ ամենը շատ լավ տեսնում ենք: Մենք հավաքագրում ու քարտեզագրում ենք բոլոր ֆեյքերին, և արդեն մեկ տարի զբաղվում ենք սրանով: Գիտենք, թե որ ֆեյքը ում դեմ է աշխատում և ինչ մեթոդներով է աշխատում: Ատելության խոսք, վիրավորանք, զրպարտություն, խոսում եք ինչ-որ երրորդ ճանապարհի մասին, լուսանկարներ եք տարածում: Բայց սա ինձ չի զարմացնում, ինձ զարմացնում է, որ այս այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամները, որոնք սրում են ատելության խոսքը մեր դեմ, որովհետև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ մեր բերած փաստարկներին նրանք չկարողացան որևէ հակափաստարկ բերել: Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր Երևանի ավագանու ինստիտուտը իջել է Մարիանյան իջվածքի մակարդակին: Սա էր ազատագրված Երևանի ձեր ինստիտուտի մակարդակը»,- ասաց Սամսոնյանը:
 
Նա նշեց, որ եթե կան մարդիկ, ովքեր ասում են, թե «Լուսավոր Հայաստանն» ուղղորդված է ինչ-որ քաղաքական ուժերի ու անձանց կողմից, թող հրապարակեն ցուցակները փաստերով: Հակառակ դեպքում թող լռեն:
 
Սամսոնյանը դիմեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին, ով իր ելույթում կոչեր էր արել Էդմոն Մարուքյանին:
 
«Տիկին Ղազարյան, ես ձեզ կհորդորեմ՝ անցեք Էդմոն Մարուքյանի քաղաքական ճանապարհը, հետո նրան կոչեր արեք»,- ասաց Սամսոնյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը