Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև


Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև

  • 04-12-2019 13:05:32   | Հայաստան  |  Սպորտ

Սեղանի ֆուտբոլը Հայաստանում պաշտոնապես գրանցվել է որպես մարզաձև:Գրանցումն իրականացրել է Հայաստանի սեղանի ֆուտբոլի (քիքեր) ֆեդերացիան,որի շնորհանդեսին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
 
«Իսկապես բարձր եմ գնահատում նման մարզաձևերի զարգացումն ու տարածումը Հայաստանում, քանի որ հենց այսպիսի մարզաձևերի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել սպորտի մասսայականությունը, ակտիվ սպորտում ներգրավել հասարակության լայն շերտերին»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստ է մարզաձևը զարգացնելու գործում աջակցել ֆեդերացիային:
 
Սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի խոսքով՝ կառույցն առաջիկայում կապահովի մեր երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին. «Ի սկզբանե որպես ժամանց տարածում ստացած խաղաձևն այսօր արդեն դարձել է լիարժեք մարզաձև: Մոտ ապագայում արդեն հնարավորություն ունենք կազմակերպելու ոչ միայն Հայաստանի առաջնությունը, այլև ապահովելու մեր
երկրի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին և աշխարհի առաջնությանը»,-ասել է Գ. Ավետիսյանը:
 
Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային համակարգող կառույցի (ITSF) կողմից արդեն ստացել է պաշտոնական ճանաչում և ունի կառույցի աջակցությունը՝ մրցաշարերի կազմակերպման ու միջազգային մրցաշարերին մասնակցելու հարցում։ Ֆեդերացիայի պրոֆեսիոնալ խաղացողներն այսուհետ կունենան միջազգային դասակարգման աղյուսակում իրենց դիրքը զբաղեցնելու հնարավորություն։
Նոյյան տապան  -   Սպորտ