Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը


Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

  • 05-12-2019 16:39:29   | Սլովակիա  |  Քաղաքական

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ջոզեֆ Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր առաքելությունում:
 
Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցություն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև:
 
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։
 
Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ընդգծվել է Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը:
 
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական