Պետք է բանակցությունները շարունակել և միշտ պատրաստ լինել պատերազմի. ադրբեջանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պետք է բանակցությունները շարունակել և միշտ պատրաստ լինել պատերազմի. ադրբեջանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-12-2019 18:10:52   | Հայաստան  |  Քաղաքական



Բանակցությունները պետք է շարունակվեն, միաժամանակ պետք է պատրաստ լինել պատերազմի: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: 
 
Վերջինս ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Բրատիսլավայում երեկ կայացած հանդիպումն ու կողմերի տարածած հայտարարությունները՝ նկատեց, որ հայկական կողմի առաջ քաշած առաջնահերթությունների շուրջ է կայացել քննարկումը: 
 
«Բանակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր առաջնահերթությունները, այդ առաջնահերթությունների շուրջ քննարկում իրականացվել է և ըստ էության քննարկումը չի վերաբերել հարցի վերջնական կարգավորմանը, այլ վերաբերել է դրա համար անհրաժեշտ հարթակների ստեղծմանը, որպեսզի այն տեսականորեն ստեղծի միջավայր, որը բարենպաստ կարող է լինել հակամարտության լուծման համար: Այլ հարց է, որ ադրբեջանական կողմն առայժմ պատրաստ չէ դրան և շարունակում է իր ապակառուցողական մոտեցումը»,- ընդգծեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում Ադրբեջանի իշխանություններն իրենց ներքին լսարանի համար Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասով, այդուհանդերձ նրանք մասնակցում են բանակցություններին և քննարկում ընդհանուր առաջ քաշված հարցեր, որոնք հեռու են Ադրբեջանի արտահայտած տեսակետից ու պնդումներից: 
 
Ադրբեջանագետի խոսքերով՝ ոչ ոք չի կարող պնդել, որ եթե բանակցությունները շարունակվում են, ապա պատրեզամ չի լինելու և դրան չպետք է պատրաստվել: 
 
«Պատերազմի միշտ պետք է պատրաստ լինել, որովհետև դրա հավանականությունը միշտ կա. այն երբեմն բաձրանում է, երբեմն՝  ցածրանում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ի վերջո մեր անվտանգության երաշխավորը հենց մենք ենք»,- շեշտեց Տ. Հովհաննիսյանը՝  հավելելով, որ որքան էլ բանակցությունները թվան անիմաստ, միևնույն է դրանցից հրաժարվելը շատ սխալ քայլ կլինի: 
 
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի առաջին տիկնոջը Արցախ հրավիրելուն՝ Տ. Հովհաննիսյանը փաստեց, որ այդ հայտարարությունը չպետք է մեկնաբանել կոնտեքստից կտրված տարբերակում, քանի որ վարչապետի տիկինը հստակ նշել է, որ որպես հյուր Մեհրիբան Ալիևան կարող է գալ Արցախ և մուղամ լսել.  
 
«Որպես հյուր Իլհամ Ալիևն էլ կարող է գալ մուղամ լսելու, խնդիր չկա, բավականին տոլեռանդ հասարակություն ունենք թե Հայաստանում, թե Արցախում: Որպես հյուր Ադրբեջանի ցանկացած քաղաքացի սահմանված կարգով կարող է գալ Արցախ, ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ վատ բան կա»: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական