Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. մի դավաճանության պատմություն


Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. մի դավաճանության պատմություն

  • 07-12-2019 14:26:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ դիզվառելիքի գործով առերեսվել են Սերգո Կարապետյանն ու Բարսեղ Բեգլարյանը: Այդ գործով, ինչպես հայտնի է, մեղադրվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեղադրանքի, նա հանձնարարել է կառավարությանը ավելի թանկ գին առաջարկող ընկերությունից գնել գյուղացիներին տրամադրվելիք էժան վառելիքը: Ընկերությունը պատկանում է Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին: Սարգսյանի դեմ, ըստ լուրերի, ցուցունք է տվել Հովիկ Աբրահամյանի կառավարության գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որն էլ Աբրահամյանի մտերիմն է:
 
 
Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի մտերիմներին առերեսելու փոխարեն, գուցե արժեր առերեսել անմիջապես Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանի՞ն, եւ ամեն ինչ կպարզվեր ու կվերջանար շատ ավելի արագ:
 
 
Սերժ Սարգսյանի համակիրները կամ այդպես ներկայացողները Սերգո Կարապետյանին համարում են դավաճան: Դավաճանության թեման խիստ խորհրդանշական է, եւ իշխող համակարգում թերեւս ենթագիտակցական: Նախկին իշխող համակարգում դավաճանության ենթագիտակցական զգացումը ունի շատ խոր արմատներ դեռեւս այդ համակարգի իշխանության եղած տարիներից:
 
Օրինակ, Սերժ Սարգսյանը գուցե դավաճանություն էր համարում ԲՀԿ ստեղծելու եւ Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը: Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանն է գուցե համարել, որ Սերժ Սարգսյանն ինչ որ դավաճանական քայլեր է արել 2003 թվականի նախագահի ընտրությանը, որտեղ թվում է թե Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի սպասվելիք համեմատաբար համոզիչ հաղթանակը իրականում տրվեց չափազանց ծանր գնով, ինչը եւ հանգեցրեց իշխանության ներսում լուրջ վեճերի եւ անվստահության:
 
2008-ի փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին վախեցավ դավաճանությունից, երբ Սերժ Սարգսյանը կոալիցիա կնքեց Արթուր Բաղդասարյանի հետ, որին Քոչարյանը դեռեւս 2007-ին էր դավաճան հռչակել: Սարգսյան-Բաղդասարյան կոալիցիայից ժամեր անց էլ թերեւս դավաճանության տագնապով Ռոբերտ Քոչարյանը կայացրեց մարտիմեկյան ուժային գործողության որոշումը:
 
2008-ից հետո Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին սկսեց մտածել, որ Սերժ Սարգսյանը դավաճանել է՝ իր փոխարեն վարչապետ նշանակելով Տիգրան Սարգսյանին: Հետո Հովիկ Աբրահամյանը Սարգսյանին դավաճանեց ոչիշխանական բեւեռի հետ եւ դարձավ վարչապետ: Հետո Աբրահամյանը դավաճանեց ոչիշխանական բեվեռի դե յուրե առաջնորդ իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, երբ Սերժ Սարգսյանը հեռացրեց նրան քաղաքականությունից: Հետո Սարգսյանը հեռացրեց Հովիկ Աբրահամյանին՝ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման հարցը հանգուցալուծելուց հետո: Հովիկ Աբրահամյանը դե ֆակտո դավաճանություն որակեց իրեն Կարեն Կարապետյանով փոխելը: Կարեն Կարապետյանն էլ գուցե իրեն դավաճանված համարեց, երբ Սերժ Սարգսյանը չկտակեց նրան վարչապետի պաշտոնը: Հիմա իրեն դավաճանված է զգում Սերժ Սարգսյանը, որի համակիրները դրա համար մեղադրում են Սերգո Կարապետյանին, իսկ ենթագիտակցորեն, կամ գուցե նաեւ լավ գիտակցված, բայց մտքի խորքում դավաճան են համարում Սերժ Սարգսյանին, որին իրենք անփոխարինելի էին համարում, բայց նա չարդարացրեց հույսերը:
 
Պարզապես կամ համարձակություն չկա Սերժ Սարգսյանին ասել դավաճան, կամ համարում են, որ գոնե այս պահին դա նպատակահարմար չէ: Թեեւ, Սերժ Սարգսյանը թերեւս ամենից լավ է զգում, թե ինչ են մտածում իր պաշտպանները կամ ինչն են պաշտպանում իրականում: Նա գուցե ա՞յդ մասին է պատրաստվում անկեղծ զրուցել քաղաքացու հետ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն