Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ. առաջին կանգառը Շիրակամուտ համայնքն է


Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ. առաջին կանգառը Շիրակամուտ համայնքն է

  • 07-12-2019 13:09:44   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝  ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 
ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:
 
«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նա ընդգծեց, որ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի պետական միջոցներն արդյունավետ ծախսվեն:
 
Բնակիչները բարձրացրեցին երկրաշարժից տուժածների բնակարանների հարցը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական գործող ծրագրով պարտավորությունները եկող տարի ավարտվում են, սակայն նորից ուսումնասիրություն է կատարվելու՝ հասկանալու, թե որքան ընտանիքներ են մնացել, ում երկրաշարժից հետո չի փոխհատուցվել: «Պետական գործող ծրագրի ավարտվելն ամենևին չի նշանակում, որ թեման փակվեց, մենք կրկին անդրադառնալու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը