Ֆինանսների նախարարությունում այս տարի ևս կտրվեն պարգևավճարներ


Ֆինանսների նախարարությունում այս տարի ևս կտրվեն պարգևավճարներ

  • 07-12-2019 16:56:50   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
Այո՛, պարգևավճարներ տրվելու են, իսկ թե հանրային ինչ արձագանք կառաջացնի այդ հանգամանքը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կարող ասել: 
 
Ինչպես Հանքավանում դեկտեմբերի 7-ին կայացած մամուլիս ասուլիսի ընթացքում նշեց նախարարը, պարգևավճարներ տրվելու են, 
որովհետև այդպես նախատեսված է, ավելին` նախարարությունում արված օպտիմալացման արդյուքում ունեն կոնկրետ տնտեսումներ, որը պոտենցյալ հնարավորություն է տալիս պարգևավճարներ տալու:
 
Ա. Ջանջուղազյանի խոսքերով` պարգևավճարները կարևոր են` նկատի ունենալով առհասարակ վարձատրության համակարգը: 
«Մենք այս ժամանակահատվածին վերաբերում ենք որպես միջանկյալ ժամանակահատվածի, քանի դեռ չի գտնվել լավագույն լուծումը, որոշումը վարձատրության համակարգը կանոնակարգելու համար: Պետական և մասնավոր հատվածում այս կամ այն կոնկրետ աշխատատեղի համար վարձատրության համակարգը ենթադրում է, որ այն պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում մենք մշտապես կունենանք իրավիճակ, երբ գնահատական կտրվի, որ այս վարձատրության համակարգով հնարավոր չի լինի լավ մասնագետ ունենալ»,- ընդգծեց նախարարը:
 
Նրա կարծիքով` աշխատատեղը պետք է գնահատվի ըստ արժանվույն, իսկ աշխատողը պետք է վարձատրվի աշխատատեղի համար, այլ ոչ թե տվյալ աշխատավայր գնալու համար: 
 
«Կա աշխատատեղ, որը պետք է ավելի ցածր վարձատրվի և կա աշխատատեղ, որը պետք է բարձր վարձատրվի, այսինքն` կախված է արվող աշխատանքի բնույթից և տվյալ աշխատակցից պահանջվող որակավորումից»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը` շեշտելով, որ հենց այդպես է գնահատվում աշխատուժի շուկան, երբ խոսքը վերաբերում է մասնավոր հատվածին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Ֆինանսներ