Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ կնքել է համաձայնագիր

09-12-2019 14:13:32   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունն իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
 

Մասնավորապես, կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստանալ կրթաթոշակներ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցում սովորելու, ինչպես
նաև տարբեր դասընթացներում ընդգրկվելու համար, հյուրընկալել գիտության և մասնագիտական առաջխաղացմամբ հետաքրքրված դասախոսների: 
 
«ԱՄՆ Հայ փաստաբանների միության հայտնի փաստաբաններ և Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի պրոֆեսորներից ստացված անգնահատելի իրավաբանական խորհուրդներն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կարևոր հնարավորություն կընձեռեն նպաստել մեր աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչն էլ մեր աշխատակազմին ավելի մրցունակ կդարձնի միջազգային հարթակում»,- հուշագրի ստորագրմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
Նման համաձայնագիր կնքելու համաձայնություն ձեռք էր բերվել ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի դեկան Սյուզան Պրագերի, փոխդեկան Դով Վայսմանի և հայազգի ԱՄՆ հայտնի պրոֆեսոր Անահիդ Ղարախանյանի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի ստորագրման հարցում գործուն աջակցություն են ունեցել ԱՄՆ հայ փաստաբանների միության ատենապետ Ժիրայր Կասաբյանը և փոխատենապետ Լուսի Վարպետյանը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ԱՄՆ հայ փաստաբանների միության նախկին փոխատենապետ (2012-2014թթ.) Գարո Ղազարյանի և գործող փոխատենապետ Գառնիկ Քերքոնեանի դերն ԱՄՆ Հայ փաստաբանների միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և ԱՄՆ համալսարանների հետ հարաբերությունների հաստատման հարցում:
Հիշեցնենք, որ հուշագրի ստորագրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամռանը Մարդու իրավունքների պաշտպանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 490 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար