Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը


Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

  • 09-12-2019 16:26:47   | Հայաստան  |  Հասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել:
 
 
Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես բերել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
 
Պարզվել է երեխայի մոտ եղել է ասֆիքսիա ( շնչահեղձություն), լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը:
 
Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:
 
Լուսանկարը՝ ինտերնետից
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Նոյյան տապան  -   Հասարակություն