«Լիդիանի» Սուտը իրեն պատեպատ տալով, օտարների դռներն է թակում. Հակոբ Սանասարյան

09-12-2019 18:34:50   | Վայոց ձորի մարզ  |  Վերլուծություն
 Հայաստանում հանքարդյունաբերության Սուտն է թագավորում: 
 


Մետաղական յուրաքանչյուր հանքավայրի քարշիչ ուժը Սուտն է: Այդ Ստի համար պայմաններ ստեղծողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններն են, իսկ գոր
ծարարները ուրախությամբ օգտվում են դրանից:
 
Կխոսենք հայտնի Ստերից երկուսի մասին, որոնցից մեկը, բանտում լինելու փոխարեն, իրեն արդեն երջանիկ է զգում, իսկ մյուսը մտամոլոր է ու դժբախտ: 
 
 Ճակատագրի արդար բերումով, «Լիդիանի» Սուտը տապակվում է դժբախտության մեջ, իրեն պատեպատ տալով օտարների դռներն է թակում, թե օգնե՛ք արդար ու գթասիրտ գործարարիս, որ կարողանամ Հայաստանը ծաղկուն երկիր դարձնել: 
 
«Լիդիանի» Ստի ախորժակը առավել է գրգռվում, երբ հիշում է, որ նույն օրերին միասին սկսած գործը    հաջողություն բերեց  իր նմանակ «Վալեքսի» Ստին, որը անպատիժ վայելում է իր թռցրած գումարները և  Հայաստանում ու Արցախում  նորանոր հանքեր է հոտոտում: 
 
Այս երկու Սուտն էլ իրենց վարքագծով ու նպատակներով նույնն են, կարծես նույն մորից ծնված՝ ատում են բնությունը և մարդուն, չունեն հայրենիք-ազգ գիտակցում: Երկուսի մղումներն էլ  նույնական են՝ բնության թունավորման ու ոչնչացման գնով դրամ վաստակել, սակայն ներկայացնել՝ որպես Հայաստանի անվտանգության ամրապնդման, սոցիալական և էկոլոգիական վիճակի բարելավման, երջանիկ ապագայի կերտման, և ընդհանրապես, հանուն Հայաստանի բացառիկ հանրային գերակա շահի: 
 
Եվ ահա, գաղափարական այս երկվորյակներն այժմ տարբեր կարգավիճակներում են և «Վալեքսի» Սուտը հաճախ հեգնում է «Լիդիանի» Ստին, ինչը վերջինիս զարմացնում է, չէ որ երկուսի ստացվածքն էլ համարյա նույն գանձարան պետք է հոսեր: 
 
  «Լիդիանի» Սուտը երկար պրպտումներից հետո եկավ այն եզրահանգման, որ իր դժբախտության գլխավոր մեղավորը աշխարհագրությունն է, այսինքն՝ երեք հայտնի գետերի գրկում ծվարած կենսատու սարը, սակայն զուգահեռներ անցկացնելով «Վալեքսի» Ստի և իր անցած ճանապարհների միջև, նկատեց, որ իր գործընկեր «Վալեքսի» Ստի ոչնչացրածը նույնպես բնության հրաշալիքներից էր: Նա համացանցով դիտեց Թեղուտի հանքավայրի դեմ կազմակերպված քննարկումները, երթերը և համոզվեց, որ հասարակության վերաբերմունքը Թեղուտի և Ամուլսարի հարցում նույնն է, այդուհանդերձ, Թեղուտը շահագործվեց: 
 
Վերջապես, նա գտավ Թեղուտի կործանման պատճառը՝ դա տեղի բնակչության կողմից խնդրի թյուրըմբռնումն էր, սևը սպիտակից զատելու անկարողությունը: Բնակչության մեծամասնությունը, հավատալով «ոսկե սարերի» սին խոստումներին, աջակցեց «Վալեքսի» Ստին, որպեսզի ոչնչացնի իրենց կյանքի հենարանը: Իհարկե, այդ հարցում կարևոր դեր կատարեցին երկրի երկրորդ և երրորդ նախագահների բարձր հովանավորությունը և ինչպես ասվում էր,  այդտեղ հավանական փայաբաժին ունենալու հանգամանքը: 
 
Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ երկու Սուտն էլ ունեցել
են նշված նախագահների բարձր հովանավորությունը, որ երկուսն էլ առատ «նվերներ» են բաշխել, մասնագետներ են գործուղել արտերկրներ՝ ազգն ու հայրենիքը ուրանալու, հռետորական արվեստ ձեռք բերելու և քարսիրտ դառնալու նպատակով: «Լիդիանի»  Սուտը գործնականում համոզված է, որ առանց նշված գործոնների հնարավոր չէ հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալ, առավել ևս, որ Հայաստանում հանքավայրեր այլևս չկան, մնում է միայն հանքերևակումները շահագործել որպես հանքավայր, իսկ դա նշանակում է, երկիրը տանել դեպի կործանում: 
 
Բազմակողմանի ուսումնասիրությունը «Լիդիանի» Ստին բերեց այն հստակ համոզման, որ աշխարհագրությունը վճռորոշ չէ, քանզի Ամուլսարի նման անգնահատելի շատ տարածքներ են ոչնչացվել, և իր գլխավոր թշնամին մարդկային առողջ բանականությունն է, ինչն արտահայտվում է տեղի բնակչության գործողություններում: Այստեղ նա հիշեց մեր կրոնական հայրերից մեկի այն միտքը, թե «եկեղեցու նպատակն է կոտրել, այդ չարիքի՝ մարդկային բանականության վիզը»: Այստեղ «Լիդիանի» Սուտը դառնորեն ողբաց և անիծեց եկեղեցուն, որ հարյուրամյակներ են անցել, սակայն նա դեռևս չի կարողացել իր առաքելությունը լիարժեք ի կատար ածել:
 
«Լիդիանի» Սուտը հույսով է լցվում, երբ լսում է այն շշուկները, որ իբր վերջին իշխանափոխության պահին, առաջին աթոռը փոխանցելիս, աթոռին կցվել է մի փոքրիկ չհրկիզվող արկղ, որի մեջ եղած հույժ գաղտնի ծրագրում նշված է նաև Ամուլսարի խնդրում բարձրյալի հովանավորության պարտադրանքը:  Հավանաբար,սա կապանքների մեջ է պահում նորընտիր իշխանությանը:  Բացի այդ, գիտական աստիճան  ունեցող, սակայն ծախու մասնագետների օգնությամբ, «Լիդիանի» Ստին հաջողվել է մոլորեցնել մեր վարչապետին, իր թիմով հանդերձ: Սրանց համոզել են, որ իբր հանքի շահագործումը կյանքին վտանգ չի սպառնում, իսկ եթե լինի էլ՝ կառավարելի է: Ահա թե ինչու, Ամուլսարին վերաբերող վարչապետի ելույթներն անհասկանալի են և հիմնազուրկ: Այս հարցում անճարակությունը նրան ստիպում է երբեմն դիմել նույնիսկ  նենգափոխումների, տրորելով նաև այլ արժեքներ... 
 
Նա հայտարարում է, թե կառավարությունն է վճռելու Ամուլսարի բացման կամ փակման խնդիրը, ժողովուրդ դու քո ձայնը տվել ես ինձ, ուրեմն մի խանգարիր իմ կառավարությանը և հասկացիր, ամբոխային քո ձայնը, ինչպես բազմիցս փաստվել է, գիտական ու տրամաբանական հիմք չունի, ուրեմն, ապավինիր քո ընտրյալի ձայնին: Նաև՝ վանկարկումը, թե «մենք ենք տերը, մեր երկրի»  ժամկետանց է, քանզի ձեր ձայնը ինձ տալով, արդեն ես եմ տերը մեր երկրի: Ժողովուրդ, դու ինձ զարմացնում ես քո վախկոտությամբ ու կասկածամտությամբ՝ սարսափում ես երկրաշարժից, ուրանից և մյուս ծանր մետաղներից ու նրանցով աղտոտված ջրից ու հողից: Ժողովուրդ, դու սնապարծորեն հպարտանում ես Քարահունջի պարսատիկի քարերով ու հավաբուն Գառնիի տաճարով, կառչել ես քո ավանդական վարք ու բարքին և չես ցանկանում բարեփոխություններ կատարեմ: Անհասկանալիորեն չես վստահում իմ նշանակած կադրերին, իմացիր, որ նրանք են քեզ ճահճից հանել: Սիրելի ժողովուրդ, ինձ մի շեղիր իմ գլխավոր նպատակներից... դու ե՞րբ պիտի հասկանաս, որ թավշյա մահակը հեշտությամբ կարող է վերածվել երկաթյա մահակի: 
 
***
 
Յուրաքանչյուր գործ ունի իր ավարտը և իրենց վախճանին հասան նաև քննարկվող Ստերը: «Վալեքսի» Սուտը, ի վերջո, բերման ենթարկվեց, դատարանում ապացուցվեցին Թեղուտի հանքավայրի ծրագրում նրա կատարած կեղծիքները, խաբեությունները, մեքենայությունները և ընկերության կողմից Հայաստանին հասցրած տրիլիոնավոր դրամի տնտեսական վնասը: Նրանից բռնագանձվեց համապատասխան գումարը, առոչինչ ճանաչվեցին Հայաստանում և Արցախում նրա բազմաթիվ հանքավայրերի արտոնագրերը, «Վալեքսի» ղեկավարներից մի քանիսը բանտարկվեցին, իսկ ընկերությունը արտաքսվեց Հայաստանից և Արցախից: 
 
«Լիդիանի» Սուտը նույնպես ստացավ իր արժանի գնահատականը: Վարչապետը Ամուլսարի հարցը անձամբ ուսումնասիրելուց հետո հայտարարեց, որ խնդրի լուծումը պետք է լինի անկողմնակալ: Իրավական և գիտական կառույցները հաստատեցին Հայաստանի անկախ փորձագետների, Հարություն Բրոնոզյանի գիտական խմբի և ԷԼԱՐԴ-ի եզրակացությունների հիմնավորվածությունը, որ նախագիծը կազմվել է թերություններով ու կոծկումներով, իսկ բնապահպանության նախարարությունը ոչ պատշաճ փորձաքննություն կատարելով տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն և դիտավորյալ, թաքցրել է Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները: Այս ամենը հիմք հանդիսացան հանքավայրը շահագործելու արտոնությունից «Լիդիանի» Ստին զրկելու համար և նրան պարտադրել՝ իր միջոցներով վերականգել ավերված տարածքները:
 
Գործը միայն սրանով չավարտվեց: Ուսումնասիրվեց հանքարդյունաբերությանը վերաբերող օրենսդրությունը, բացահայտվեց, որ վերջին 20 տարիներին ընդունվել են պետության շահը հակասող օրենքներ: Այդ օրենքներում փոփոխություններ կատարելով դրանք համապատասխանեցրին պետության շահին՝ հանքարդյունաբերական թափոնները բերվեցին հարկային դաշտ, հանքատերերին տրվեց միայն 2 % մաքուր շահույթ ստանալու իրավունք, իսկ 98 %-ը պետք է մուծվի պետական գանձարան, երբ մինչ այդ դրա հակառակն էր: Այս ամենին զուգահեռ վարչապետը ստեղծեց պրոֆեսիոնալ պետական կառավարման համակարգ, հրաժարվեց ճոխություններից ու շքեղություններից, վերացրեց պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների աշխատավարձերի խայտառակ տարբերությունը, արգելեց անբարով վարկ և վտանգավոր այլ գաղափարներ տարածող կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում, պարտադրեց հոգատար վերաբերմունք հայոց լեզվի ու մշակույթի նկատմամբ... Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում վերականգնվեց ժողովրդի սերն ու վստահությունը իշխանության նկատմամբ: 
 
                                                                                                       
 2019-12-04
Հակոբ Սանասարյան
 
 
 
 
 
 
 
                                                                                                           
 
 
  
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1070 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար