Նիկոլ Փաշինյանը «մերկացրել» է Սերժ Սարգսյանի գործը

10-12-2019 10:33:36   | Հայաստան  |  Վերլուծություն
Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանդեպ մեղադրանքին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս պատճառող հանձնարարության համար, որ տվել է կառավարությանը՝ սուբսիդիոն դիզվառելիք գնել ոչ թե ավելի էժան մատակարարող ընկերությունից, այլ իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանից:
 
Մեղադրանքը թե Բեգլարյանն է հերքում, թե Սերժ Սարգսյանը: Իսկ ցուցմունք տված Սերգո Կարապետյանի դեմ, որը գյուղատնտեսության նախկին նախարարն էր իր մտերմի՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, Սերժ Սարգսյանի համակիրները սկսել են արշավ՝ «դավաճան» որակումով:
 
Նիկոլ Փաշինյանն ասում է,
թե հանրությունը զավեշտալի է համարում, որ Սարգսյանի դեմ մեղադրանքը առնչվում է ոչ թե ասենք 4 միլիարդի, այլ 400 միլիոնի գործի, նշելով, թե շատերը կոռուպցիայի դեմ պայքարը պատվերով համերգ են պատկերացնում, մտածելով, թե տրվել է 400 միլիոնի գործի պատվեր, ոչ թե 4 միլիարդի: Այդտեղ է, որ վարչապետը նույնացնում է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալման եւ կոռուպցիոն մտածողության ծագումը:
 
Այդ նույնականացումը արդարացի է եւ ունի հիմք, ու Նիկոլ Փաշինյանը շոշափում է կարեւոր հարց, որն առնչվում է հանրային իրավագիտակցությանը, իրավական մշակույթին եւ հանրային գիտակցությանը ընդհանրապես:
 
Բայց այդտեղ կա բավական նուրբ պահ: Կոռուպցիայի դեմ պայքարի ընկալման եւ կոռուպցիոն մտածողության ծագումնային նույնության «էֆֆեկտը» հանրության մոտ ստացվել է նաեւ նախորդ տարիների ընդդիմությունների գործունեության հետեւանքով, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, երբ տարիներ շարունակ հանրությանը մատուցվում է, որ այսինչ այնինչյանի գլխավորությամբ թալանվում, յուրացվում, մսխվում են միլիարդներ՝ ընդ որում դոլարով, հետո չափազանց բարդ է մարդկանց բացատրել՝ թե ինչու 400 միլիոն դրամ, այլ ոչ թե բազմապատիկ ավելի:
 
Մինչդեռ բացատրել իհարկե պետք է, որովհետեւ ո՞վ գիտե, թե միլիարդավոր դոլարների հանգամանքը որքանով է հավաստի, ապացուցված, կամ ապացուցելի, հայտնաբերելի, վերադարձելի:
 
Մինչդեռ, եթե չկա հստակ եւ համոզիչ ապացույց՝ որ միլիարդավոր դոլարների մսխումները կամ յուրացումները եղել են զուտ քաղաքական նկատառումներով չափազանցված, եւ քանի դեռ որեւէ մեկը չի ասել՝ մենք սխալվել ենք, միլիարդներ չէին, հանրությունը համոզված է լինելու, որ միլիարդներ էին: Ըստ այդմ՝ համոզված է լինելու, որ եթե վերադարձվողը միլիարդներ չեն, ուրեմն «այդտեղ մի բան կա»:
 
Այդ իմաստով, վարչապետն իր անդրադարձով փաստացի մերկացնում է Սարգսյանի գործը, պարզապես ոչ թե իրավական, այլ հոգեբանական-քաղաքական հողի վրա:
 
Իսկ խնդիրը լուրջ է, որին Փաշինյանը վարչապետի պաշտոնում բախվում է թե ֆիզիկապես, թե հոգեբանական, թե իհարկե քաղաքական դրսեւորումով: Իսկ լուծման առումով վարչապետը ոչ միայն մենակ է, այլ նրա ընդդիմությունը այդ հարցում ոչ այնքան նախկին իշխանությունն է՝ կամ ոչ միայն նախկին իշխանությունը, այլ նաեւ հեղափոխության անունից ներկայացող տարբեր ուժեր:
 
Իսկ հարցի լրջությունն այն է, որ եթե նախկին իշխող համակարգում ռեսուրսները մսխում եւ ուտում էր համակարգը, հետհեղափոխական իրականությունում ոչ նյութական, սակայն մսխող լրջագույն իրողություն է նախահեղափոխական քաղաքական միջավայրում ձեւավորված հանրային համոզմունքների մի ամբողջ համակարգ: Դա է, որ ոչ միայն տարակույսի տեղիք է տալիս վարչապետին, այլ դնում նրան նաեւ «ժանրի կանոնների» փաստի առաջ:
 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

ծագումը:   Այդ
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 660 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար