Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել

10-12-2019 11:20:27   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է։
 


Վիրահատությունը կատարել են վիրաբույժ Կարեն Ծառուկյանը, ասիստենտ Վիկտոր Բադեյանը և անէսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանը։
 
Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում են միզապարկի ուռուցքների բուժման ուղեցույցներով հաստատված բոլոր եղանակները (օրգանապահպան և միզապարկի հեռացումով):
 
Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական
աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ:
 
Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի  բերանակցումներ։
 
Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում  կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ:
 
Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար