ՀՀ տարածքի օպտիմալ՝ 20.1% անտառապատվածության ցուցանիշի հիմնավորման մասին․ Արամ Գաբրիելյան


ՀՀ տարածքի օպտիմալ՝ 20.1% անտառապատվածության ցուցանիշի հիմնավորման մասին․ Արամ Գաբրիելյան

  • 10-12-2019 17:06:11   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
 
20.1% օպտիմալ անտառապատվածության գաղափարն ու առաջարկությունը մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի առաջին ազգային զեկույցի (հաղորդագրության)» շրջանակում բավականին մանրամասն ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում 1998թ.-ին: Մինչ այդ որևէ մեկի մտքով չեր անցել, թե, վերջապես, ինչպիսի անտառապատվածություն ենք ուզում ունենալ: «Օպտիմալ անտառապատվածության» գաղափարը ծագեց պարզ տրամաբանությամբ, թե ջերմոցային գազերի ազգային կադաստրի արտանետումների ու կլանում-կուտակումների («հողօգտագործում և անտառային տնտեսություն» սեկտոր) հաշվեկշռում ի՞նչ քանակական ցուցանիշ վերցնել:
Զարմանալի էր, սակայն պարզվեց, որ նման հարցադրում մինչ այդ չի եղել, սակայն այդպիսի հարցադրումը համարվեց օգտակար առհասարակ անտառային սեկտորի համար ու անհրաժեշտ թե՛վերը նշված «կլիմայական» հիմնախնդրի, թե՛ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ու այլ բնապահպանական միջազգային ու տեղական գործընթացների հիմնավորման ու իրականացման համար:
Դրանից հետո մշակվեց այդ օպտիմալության որոշման մոտեցումը, այնուհետև՝ մեթոդիկան: Դրա հիման վրա սկսվեցին աշխատանքները, որը գլխավորում էր բոլորիս հայտնի անտառագետ լուսահոգի Պայքար Խուրշուդյանը: Աշխատանքներին ակտիվ մասնակցում էր նաև լուսահոգի Վահան Գաբրիելյանը: Որպես հիմք պետք էր վերականգնել (գտնել) Հայաստանի Հանրապետության տարածքի (առայժմ առանց Արցախի) բնական անտառապատվածությունը, որի որոնման համար ներգրավեցինք նաև Մատենադարանը՝ հայտնի գիտնական լուսահոգի Արտաշես Մարտիրոսյանին (Հայկ Մարտիրոսյանի հայրը): Վերջինս, ուսւմնասիրելով մեր պատմիչների նյութերը բացահայտեց, որ 5-7-րդ դարերի անտառապատվածության վերաբերյալ նյութերը վկայում են, որ պետք է հետ գնալ առնվազն 1.5-2 հազարամյակ հետ, մասնավորապես, նկատի ունենալով, որ, օրինակ, արաբական արշավանքի ընթացքում մեծ քանակության անտառներ են հրդեհել, որ այնտեղ պատսպարված մարդկանց գերեվարեն:
Այս աշխատանքներին միացավ նաև հայրս՝ Հրաչյա Գաբրիելյանը, որը այն ժամանակ հրատարակման էր պատրաստում իր «Հայկական Լենաշխարհ» գիրքը:
Պետք էր ներկա լինել այդ բոլոր վաստակաշատ գիտնականներրի հանդիպումներին, որպեսզի վայելել այդ միջավայրը, երբ, ասենք, Խուրշուդյանի որևէ ծառատեսակի ու նրա անվան վերաբերյալ ակնարկին Արտաշես Մարտիրոսյանը արձագանքում էր այդ ծառի ու նրա անվան վերաբերյալ Ղազար Փարփեցու աշխատությունից մեջբերմամբ:
Համադրելով այդ նյութերը պալեոբուսաբանական տվյալների հետ, որի համար ներգրավեցինք նաև վրացի գիտնականներին (որոնց, ի դեպ, ոգևորեց գաղափարը և խնդրեցին շարունակել համագործակցությունը, հատկապես, մատենադարանի հետ), ստացվեց, որ մ.թ.ա 2-1 հազարամյակների «սահմանագծին այս ՀՀ տարածքի անտառապատվածությունը եղել է 35-40 %: Այդ հենքի վրա սկսվեց կառուցվել «օպտիմալ անտառապատվածությունը», որում որպես եզրային պայմաններ դրվեցին Էրոզացված ու անապատացման ենթակա հողերի տարածքներըի, բնակավայրերի տակ գտնվող հողերի, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անտառային գոտու վերին ու ստորին սահմանների տեղաշարժի սահմանափակումները, անտառային ու անտառից դուրս տարածքներում կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը և այլն:
Երբ վերջական «օպտիմալ» թվերն էին որոշվում, իսկ ես փորձում էի համոզել, որ որոշ ոռոգելի վարելահողեր էլ ընդգրկենք, քանի որ կլիմայի փոփոխության հետևանքով ջուրն էլ է պակասելու, Խուրշուդյանը չեր համաձայնվում, ասում էր, «ձեռքս չի գնում վարելահողերը անտառի տակ դնել»: Ես զիջեցի ու այդպես էլ ստացվեց 20.1%-ը իր տարածական բաշխվածությամբ:
Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության 21 հուլիսի 2005 թվականի N 1232-Ն որոշմամբ նշվեց. “hաշվարկվել է, որ հանրապետության արդյունավետ անտառպատվածությունը կկազմի 20,1%” և որ դրա համար կպահանջվի անտառածածկ տարածքները ընդլայնեն շուրջ 266,5 հազար հեկտարով:
Ներկայումս այդ ցուցանիշը ամրագրված է Փարիզյան Համաձայնագրի դրույթների կատարման Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությամբ (ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N42 արձանագրային որոշում - INDC):
 
Այդ հավակնոտ հանձնառությունը հեշտ չի ընդունվել ու պետք է ամեն ինչ անել, որ հետնահանջ չլինի:
Պարզապես նվիրում ու աշխատել է պետք:
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն