2019-ին տպված ՀԴՄ կտրոնների թիվն աստղաբաշխական է. վարչապետը գոհ է, բայց պնդում է՝ ստվերում կա հսկայական առևտրաշրջանառություն


2019-ին տպված ՀԴՄ կտրոնների թիվն աստղաբաշխական է. վարչապետը գոհ է, բայց պնդում է՝ ստվերում կա հսկայական առևտրաշրջանառություն

  • 10-12-2019 17:19:03   | Հայաստան  |  Հասարակություն

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոն ավելի: 
 
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներկայացված թիվն աստղաբաշխական է և նշանակում է, որ առևտրաշրջանառությունն ավելացել է 303 մլրդ դրամով: 
 
«Սա, իհարկե շատ լավ է, ուզում եմ արձանագրել նաև, որ մենք բավականին լավ վիճակագրություն ունենք նաև հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դինամիկայի առումով: 2019 թվականի հունվար-նոյեմբերին ավել է դուրս գրվել 18 մլն 425 հազար 072 հաշիվ ապրանքագիր»,- նշեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ չնայած որ առևտրաշրջանառության աճի ցուցանիշը տպավորիչ է, այդուհանդերձ, Հայաստանում կա հսկայական ստվերային առևտրաշրջանառություն:
 
«Հեղափոխությունից հետո էլ, երբ մենք այս հարցով զբաղվում էինք, հարկային մարմինները տուգանքներ էին գրում ՀԴՄ չտպելու համար, հանրայնորեն հնչում էր մի այսպիսի հակադարձում՝ մարդիկ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, հացի փող են աշխատում, ինչո՞ւ եք դուք այդ հացի փող աշխատած մարդուն տուգանում և այլն: 
Իհարկե, զուտ օրենքի տեսակետից այդ մեկնաբանությունը տեղին չէ, բայց հաշվի առնելով նաև ընդհանուր կոնտեքստը Հայաստանում հաստատված սոցիալ-տնտեսական իրավիճակի, այդ հարցադրումն իսկապես լեգիտիմություն ունի: Եվ հիմա մենք ինչ արեցինք, մենք այս տարի Հարկային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ և մեր հարկային համակարգում նոր սեգմենտ ձևավորեցինք և անունդը դրեցինք միկրոբիզնես»,- մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ միկրոբիզնես են համարվում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեն: 
 
Ն. Փաշինյանի փոխանցմամբ՝ միկրոբիզնեսին հարկային պարտավորություններից ազատելու պատճառն այն է, որպեսզի ՀԴՄ կտրոն բաց թողնելու և հացի փող աշխատելու «ինստիտուտները» իրար չհակադրվեն: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն