Ռոբերտ Քոչարյանը գաղտնազերծեց. այդ փուչիկը վաղուց պայթել է

11-12-2019 11:44:29   | Հայաստան  |  Վերլուծություն
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի նախագահի սպասվող ընտրությանը, արել է մի քանի հայտարարություն, որից պարզ է, թե ով է նախագահի ընտրությանը նրա թեկնածուն:
 


Նրա գնահատականից պարզ է, որ
խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է, թեեւ մինչ այդ էլ հանրային զգալի շերտերում այդ առնչությամբ չկար կասկած: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»: Թեեւ, միայն Վիտալի Բալասանյանը չէ իհարկե, որ կարող է համարվել պատերազմով անցած՝ Արցախում գործնականում չկա պատերազմով չանցած մարդ, այդուհանդերձ երկրորդ նախագահի ձեւակերպումը ուրվագծում է Վիտալի Բալասանյանի վրա կատարվող խաղադրույքը:
 
Դրա վկայությունն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, թե «Իշխանության հռչակված իրա­վահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նա­խագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում,
և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», հայտարարում է երկրորդ նախագահը:
 
Նա միաժամանակ կրկնում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում չունի ռազմավարություն եւ գործողությունների պլան, իսկ Բրատիսլավան դրա վկայությունն էր:
 
Այդ մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում է Հայաստանը հավանություն տվել բանակցային սկզբունքների մի փաթեթի, որը հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» ձեւակերպմամբ: Փաթեթ, որը գործնականում այն հաղթանակը հանձնելու մասին է, որին Հայաստանի նոր իշխանությունից իբրեւ թե սպառնացող վտանգ կա ըստ Ռոբերտ Քոչարյանի: Այսինքն, ներկայում հաղթանակին սպառնացող վտանգի մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում այդ հաղթանակը հանձնելու մասին սկզբունքները ընդունվել են որպես բանակցության հիմք:
 
Մյուս կողմից, միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը թիրախավորում արցախյան գործընթացը: Մի առումով դա Հայաստանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ուժերի ավանդական գործիք կամ խաղաքարտ է իշխանություն ունեցող ուժերի հանդեպ: Մյուս կողմից, երկրորդ նախագահի համար քաղաքական պաշտպանության վերջին հույսը մնացել է Արցախը, այն բանից հետո, երբ անգամ ընկեր Պուտինը չարդարացրեց հույսերը:
 
Երկրորդ նախագահն ակնկալում է, որ հնարավոր կլինի քաղաքական պաշտպանության հենակետ ձեւավորել Արցախում: Քաղաքական տրամաբանության տեսանկյունից հասկանալի է եւ ընդունելի, բայց ամբողջ հարցն այն է, որ երկրորդ նախագահը կարծես թե այդ խնդրի համար պատրաստ է կանգ չառնել անգամ հանրայնորեն եւ պետական առումով խիստ վտանգավոր հեռանկարների եւ շեշտադրումների առաջ:
 
Մասնավորապես, նա փաստորեն փորձում է Արցախում մրցակցային քաղաքականության հեռանկարը մատուցել այնպես, որ սահմանին ռազմական միջադեպերը դրանից ավելի լավ են: Այն դեպքում, երբ Արցախի հաղթանակի եւ առավել եւս դրա միջազգային լեգիտիմացման հարցում էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Հայաստանը ԽՍՀՄ փլուզման եւ աշխարհակարգային վերափոխման այդ շրջափուլում դիտարկվել է արդիական քաղաքականության ռեգիոնալ գլխավոր գործընկեր: Ավելին, խնդիրները եւ մադրիդյան սկզբունքները առաջացել են այն պատճառով, որ քաղաքական արդիականացմանը փոխարինել է ամբողջատիրությունը՝ «ալիբի» դիտվող ռազմա-հայրենասիրական քողի ներքո:
 
Գիտակցված թե ակամա, Ռոբերտ Քոչարյանը ուրվագծում է մի վտանգավոր հանգամանք եւ անում գուցե ակամա գաղտնազերծում, որ սահմանին ռազմական միջադեպերն ու զոհերը նախկին իշխող համակարգի համար եղել են քաղաքական մրցակցությունը զսպելու «ալիբի», հանրությանը վախի, տագնապի մեջ պահելու միջոց: Ու չնայած այն, որ ապրիլյան քառօրյային «անվտանգության գերակայության» այդ փուչիկը պայթեց, երկրորդ նախագահը գուցե իներցիայով, իսկ գուցե մտածողության այլ ուղղությունների անկարողության պատճառով վերստին խաղադրույք է կատարում բոլորի աչքի առաջ պայթած այդ փուչիկի վրա, որի աղետալի հետեւանքը կանխվել է լոկ բանակի խիզախության եւ հանրության կամավորական ջանքի շնորհիվ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 860 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար