Արտակ Բեգլարյան. «Բազմաթիվ անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների մասին՝ երեխաների շնորհիվ»


Արտակ Բեգլարյան. «Բազմաթիվ անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների մասին՝ երեխաների շնորհիվ»

  • 11-12-2019 11:47:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 10-ին ամփոփվել են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուդիթ և Վիկտոր Սարյանների աջակցությամբ:
 
Պաշտպանը շնորհավորել է մարդու իրավունքների եռատոնը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ԱՀ Սահմանադրության և ԱՀ անկախության հանրաքվեի օրերը:
 
«Այս խորհրդանշական օրը ամփոփում ենք մրցույթի արդյունքները՝ գոհունակությամբ, որ մրցույթին բավականին շատ երեխաներ են մասնակցել՝ ուսումնասիրելով իրենց իրավունքները և ներկայացնելով դրանք ստեղծագործական մոտեցումներով: Կարող ենք արձանագրել, որ հարյուրավոր անձինք ընդգրկվել են հայտերի ներկայացման գործընթացում, իսկ հազարավորները հետևել են մրցույթի ընթացքին, ինչը նշանակում է, որ բազմաթիվ երեխաներ ու չափահաս անձինք դարձան ավելի իրազեկված երեխաների իրավունքների և մտահոգությունների մասին: Կարևոր է, որ երեխաները հնարավորություն ստացան իրենց աչքերով ներկայացնել սեփական իրավունքներն ու հիմնախնդիրները: Սիրելի՛ երեխաներ, շնորհակալ եմ բոլորիդ և հպարտ եմ ձեզնով. վստահ եմ՝ մեր ապագան ամուր ձեռքերում է»,- նշել է Ա.Բեգլարյանը:
 
Մրցույթի լուսանկարների անվանակարգում առաջին մրցանակային հորիզոնականը զբաղեցրել է Անգելինա Ֆարսիյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սաթի Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Լինա Խաչատրյանը: Տեսանյութերի անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Արթուր Դավթյանը, երկրորդ տեղը՝ Վերոնիկա Ավետիսյանը և 9 այլ աշակերտներ, իսկ երրորդ տեղը՝ Լյուդմիլա Բաբայանը:
 
Մրցույթին մասնակցել են 82 երեխաներ՝ Ստեփանակերտի և շրջանների դպրոցներից: Առաջին փուլում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հավաքագրվել են հավանումներ, որոնց հիման վրա ութական ստեղծագործություններ անցել են երկրորդ փուլ: Այնուհետև մրցութային հանձնաժողովը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախագահությամբ, գնահատել է հայտերը թեմային համապատասխանելիության և ստեղծագործականության չափորոշիչներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play