Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ


Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ

  • 11-12-2019 16:19:21   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտները եւ ուսուցիչները հնարավորություն կստանան մեկական անգամ անվճար այցելել թանգարան, թատրոն ու համերգասրահ 2020 թվականի սկզբից:
 
Դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների ջանքերով ստեղծված դպրոցական բաժանորդային համակարգի կամ, այսպես ասած, աբոնեմենտային ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը փոքր-ինչ հետաձգվել է: Սպասվում էր, որ անվճար տոմսերը հասանելի են դառնալու նոր ուսումնական տարվանից:
 
Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի պաշտոնակատար Աստղիկ Մարաբյանը, այժմ աշխատում են 2-րդ փուլի նախապատրաստման աշխատանքների վրա, իրականացվում է տոմսերի տպագրության գործընթացը:
 
 
Թե ինչու փոխվեցին ծրագրերը, եւ 2-րդ փուլի մեկնարկն ուշացավ, Աստղիկ Մարաբյանը հայտնեց, որ պատճառը տոմսերի հետ կապված խնդիրների առաջացումն էր: Նախատեսված էր, որ այս փուլում ծրագիրը կիրագործվի միայն էլեկտրոնային համակարգի միջոցով, բայց նախարարության դիտարկումները ցույց են տվել, որ նպատակահարմար է դեռեւս էլեկտրոնային համակարգին զուգահեռ պահպանել տոմսային համակարգը: 
 
Աբոնեմենտային համակարգը մեկ տարի առաջ գործարկելով՝ ԿԳՄՍ նախարարությունում բացասական եւ դրական կողմերին են ծանոթացել եւ որոշել ծրագրում փոփոխություններ մտցնել: Դրանցից մեկը հենց էլեկտրոնային համակարգին է վերաբերում:
 
«Այցելությունների ցուցանիշները ցույց տվեցին, որ մենք գոնե այս փուլում չպետք է հրաժարվենք տոմսային համակարգից եւ անցնենք զուտ էլեկտրոնային համակարգի, որովհետեւ պետք է հնարավորություն տանք աշակերտներին եւ իրենց ուղեկցող ուսուցիչներին, ծնողներին, որ իրենք որոշեն, թե ինչ ճանապարհով են ցանկանում ամրագրում անել»,- նշեց Մարաբյանը:
 
Մշակութային հաստատություններ այցելությունը թեեւ ծրագրով պարտադիր չէ, այնուամենայնիվ, մեծ ակտիվություն է նկատվել: 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հունիս ամիսների հաշվետվությունը ցույց է տալիս, որ միայն աբոնեմենտային տոմսերով թանգարան այցելությունների թիվը կազմել է 161.682: Պետք է նշել, որ այս ծրագրին միացել են ե՛ւ նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային կազմակերպությունները, ե՛ւ այն համայնքային ու մարզային հաստատությունները, որոնք ենթակայության տակ չեն գտնվում, բայց ցանկություն են հայտնել մասնակցելու:
 
Թատրոններ եւ համերգասրահներ այցելությունների թիվը, սակայն, բավականին զիջել է թանգարանների ցուցանիշին: Այդ թիվը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 10.000: Հարցին, թե ինչու է պատկերն այսպես տարբերվում, Մարաբյանը պարզաբանեց. առաջին պատճառն այն է, որ թատրոններ եւ համերգասրահներ այցելելու հնարավորությունը եղել է թանգարաններից ավելի ուշ՝ ապրիլին, իսկ հետո այդ ժամանակահատվածը դպրոցական արձակուրդների հետ է համընկել: 
 
Մարաբյանի խոսքով՝ ծրագիրը ոգեւորել է ոչ միայն աշակերտներին, այլ նաեւ մշակութային հաստատություններին, հատկապես՝ թանգարաններին:
 
«Բոլորը սպասում են 2-րդ փուլի մեկնարկին»,- նշեց նա՝ հավելելով, որ այն դպրոցականները, որոնք ծրագրի մեկնարկից սկսած չեն օգտագործել իրենց կտրոնները կամ էլեկտրոնային հարթակի հնարավորությունները, կարող են այսօր այցելել եւ օգտվել իրենց իրավունքից: Կտրոնները չեն կասեցվել: 
 
«Ծրագիրը միտված է դպրոցական տարիքի երեխաների շրջանում մշակութային օջախներ այցելելու ավանդույթին զարկ տալուն, ինչպես նաեւ որոշակի սոցիալական հիմնախնդիր է փորձում լուծել, որովհետեւ հավասար հնարավորություններ է փորձում տալ Հայաստանի շուրջ 390.000 դպրոցականների համար»,- ասաց Մարաբյանը:
 
Ծրագիրն իրականանում է Dasaran.am էլեկտրոնային հարթակի միջոցով: Տոմս ստանալու համար դպրոցականից պահանջվում է իր գաղտնաբառով մուտք գործել Dasaran.am, այնուհետեւ՝ կայքի «E-CULT» հարթակ եւ կատարել ամրագրում: Կայքում պարբերաբար թարմացվում է թե՛ համերգների, թե՛ թատերական ներկայացումների ցանկը: Իսկ թանգարանների  դեպքում սկզբում ընթացքն այլ է եղել, որովհետեւ դպրոցահասակներն ի սկզբանե ունեցել են տպագիր տոմսեր:
 
Անի Ավագյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն