Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

12-12-2019 11:23:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք հետաձգվել են: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից:
 


Հատկանշական է, որ չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարու
թյունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի եղել, նա շարունակում է մեղադրվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
 
Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հանգամանքների մասին այս պահին տեղեկություն չի հայտնում: ՀՔԾ-ի լրատվական ծառայությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:
 
Հարությունյանը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է հետախուզման մեջ: Օրեր առաջ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ հայտնելով, որ նա ցանկանում է վերադառնալ Հայաստան
և խնդրելով վերացնել դրա հետ կապված տեխնիկական խնդիրները: Դիմումն, ըստ էության, Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին էր, սակայն ՀՔԾ-ն մերժել է վերացնել այն:
 
Նշենք, որ Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը արդեն մեկ տարուց ավելի քննվում է Հայաստանի տարբեր ատյանի դատարաններում:
 
Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր:
 
2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, բայց նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու երկրորդ անգամ կալանքի միջնորդություն ներկայացրել:
 
2018-ի դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել էր գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել:
 
2019-ի փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝  նոր քննության:
 
Այս անգամ խափանման միջոցի հարցը քննել էր դատավոր Աննա Մաթևոսյանն ու որոշել մերժել Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը: Այս դատական ակտը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատական ակտի դեմ դատախազության բողոքը:
 
Այսինքն որոշումը, որով մերժվել էր Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, մտել է օրինական ուժի մեջ, և նման պայմաններում ՀՔԾ-ն, փաստորեն, նոր միջնորդություն է ներկայացրել՝ նրան կալանավորելու վերաբերյալ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 586 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար