Ի՞նչ ճանապարհով է գնում վարչապետը. Հակոբ Բադալյան


Ի՞նչ ճանապարհով է գնում վարչապետը. Հակոբ Բադալյան

  • 12-12-2019 17:25:55   | Հայաստան  |  Վերլուծություն

Ըստ ԱԼՄ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը Իմ քայլը խմբակցության հետ փակ հանդիպմանը դժգոհել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից, ասելով, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում Գրիգորյանը: Եղե՞լ է իրապես դժգոհություն, թե՞ ոչ: Իրավիճակն այդուհանդերձ բավականին հետաքրքիր է ու հակասական:
 
Վահե Գրիգորյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, հետո առաջադրվեց ՍԴ դատավորի թեկնածու եւ խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ ընտրվեց այդ պաշտոնում:
 
Դրանից հետո նա մեծամասնությունից խնդրեց մի քանի օր հետաձգել իր երդման նիստը, որպեսզի կարողանա իբրեւ փաստաբան իր տրամադրության տակ եղած գործերը՝ առավելապես Մարտի 1-ի իրադարձությունների տուժողների շահերի պաշտպանի առումով, հանձնի այլ փաստաբանի:
 
Երդումը տեղի ունեցավ մի քանի օր անց ու ստացվեց բավականին աղմկոտ: Վահե Գրիգորյանը երդման արարողության ելույթում ներկայացրեց ՍԴ «ճգնաժամի» մասին իր պատկերացումը եւ հայտարարեց, որ այնտեղ կա ընդամենը մեկ դատավոր, մյուսները անդամ են, քանի որ նշանակվել են 2005 թվականի Սահմանադրության, ոչ թե 2015-ի կարգավորումներով, հետեւաբար ինքը դառնում է երկրորդ դատավորը, ու քանի որ մյուսն արձակուրդում էր այդ պահին՝ գնում է ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը:
 
Հետո, այդ մոտեցման հիման վրա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառուցեց իր գնահատականը ՍԴ շուրջ իրավիճակին:
 
Իրադարձությունները սակայն հետագայում զարգացան որոշակի հակոտնյա տրամաբանությամբ: Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի ղեկավարությանը հորդորեց դադարեցնել «անդամ-դատավոր» բառախաղը: Վահե Գրիգորյանն էլ այսպես ասած դադարեցրեց իր աշխատանքը ՍԴ-ում, որը գուցե չէր էլ սկսել: Նա սկսեց բոյկոտել ՍԴ-ն, հայտարարելով, որ չի ճանաչում այդ ոչ լեգիտիմ մարմինը: Ավելին, Վահե Գրիգորյանը սկսեց դժգոհել կառավարող մեծամասնությունից՝ որն ընտրել էր իրեն, որ չի միանում այդ այսպես ասած չճանաչմանը եւ օրինակ ՍԴ-ին դիմում է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու դիմումով: Վահե Գրիգորյանն անկասկած դժգոհ կլինի նաեւ վաղ կենսաթոշակի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունից, քանի որ դրանով էլ փաստացի ճանաչվում է ՍԴ-ն, եթե դատավորին առաջարկվում է կամովին հրաժարականի մեխանիզմ:
 
Ի դեպ, կառավարությունն առաջարկում է մեխանիզմ, որն ընդունելը մասնագիտական եւ մարդկային արժանապատվության լուրջ ռիսկ է պարունակելու ՍԴ որեւէ դատավորի համար: Եվ, մեխանիզմի ինտրիգային տողատակերից մեկն այն է, որ կառավարության առաջարկած մեխանիզմը Վահե Գրիգորյանին է դնում բավական անհարմար վիճակի մեջ:
 
Հանրության մի մեծ մաս քննադատում է կամավոր հրաժարականի դեպքում դատավորներին մինչեւ թոշակ լիարժեք աշխատավարձ վճարելու մոտեցումը: Մինչդեռ, այդ ֆոնին ընդգծվում է այն փաստացի իրավիճակը, երբ ՍԴ-ում արդեն իսկ կա դատավոր, որը չի աշխատում, բայց վճարվում է լիարժեք՝ Գրիգորյանը:
 
Ի դեպ, այդ հանգամանքը բավական անհարմար դրության առաջ է կանգնեցնում նաեւ կառավարությանը, այդ թվում վարչապետ Փաշինյանին:
 
Սակայն, դա կարող է լինել այն առավել լայն անհարմարության ընդամենը մի փոքր մասը, որում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ իր դիրքավորումը Վահե Գրիգորյանի խորհրդի, հորդորի կամ մեկնաբանության վրա կառուցելով:
 
Արդյոք դա է պատճառը, որ վարչապետը եւ կառավարող մեծամասնությունը հետագայում գնացին այլ ճանապարհով, քան այն, ինչ պատկերացնում էր մեծամասնության որոշումով դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը: Իհարկե միաժամանակ պարզ չէ, թե հատկապես ի՞նչ ճանապարհով է գնում վարչապետը, մյուս կողմից սակայն նա գուցե «պտտվում» է այն լաբրիրինթոսից դուրս գալու համար, որում հայտնվել է հենց գրիգորյանական մեկնաբանության հետեւանքով:
 
Հնարավոր է, Փաշինյանը, որը վերջին շրջանում կարծես թե բավական շատ է դիմում աստվածաշնչյան համեմատություններին, ոչ թե լաբիրինթոսից ելք է փնտրում, այլ անում է այն, ինչ Մովսեսը՝ անապատով պտտելով գերությունից դուրս բերած իր ժողովրդին: Ըստ երեւույթին Փաշինյանին չի մնում այլ բան, քան հեղափոական հանրության մի ստվար մասի գիտակցությունն ու պատկերացումը դուրս բերել «ՍԴ ճգնաժամի» գերությունից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն