Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն


Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

  • 12-12-2019 17:54:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեւանի Գեւորգ Քոչարի 21 հասցեում (Դրամատիկական թատրոնի հարեւանությամբ) մեկնարկել են Երեւանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքները: Այսօր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները՝ հաստատված:
 
«Արդեն վստահաբար կարող են ասել, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը, իր ստեղծագործական օջախը»,- հայտնեց փոխնախարարը: Արա Խզմալյանի խոսքով՝ այս տարի 46 միլիոն դրամ կհատկացնեն վարչական հատվածի շինաշխատանքների համար, հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ:
 
 
Այս տարածքը Մնջախաղի թատրոնին էր տրամադրվել դեռեւս մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք: Ամիրյանը խոստացել էր նախագիծն իրականացնելու համար պետբյուջեից 260 միլիոն դրամ հատկացնել: Աշխատանքներն այնքան ձգձգվեցին՝ մինչեւ նախարարը հրաժարական տվեց:
 
Ամիրյանին փոխարինած եւ հեղափոխությունից հետո մշակույթի առաջին նախարար Լիլիթ Մակունցը եւս հարցն ուշադրության կենտրոնում պահեց, սակայն նրա ժամանակ նախարարությունը հայտարարեց, որ Ամիրյանի հատկացրած տարածքը պատմամշակութային արժեք է, եւ իրավունք չունեն ձեւափոխություն կատարելու: Մնջախաղի թատրոնին թույլ չտրվեցին մտնել Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող ՀՀ ազգային գրապալատի տարածքը:
 
2018 թվականի նոյեմբերի 19-ին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին էր ներկայացրել թատրոնի համար առաջարկվող հերթական տարբերակը: Այդ շենքը գտնվում էր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում, որտեղ երկար տարիներ տեղակայված է եղել Հանրապետական զինկոմիսարիատը: Սակայն դրա հետ կապված էլ քաղաքաշինական խնդիրներ էին առաջացել, եւ թեման փակվել էր:
 
Փաստացի վերջին անգամ 2018 թվականին էր թատրոնին խոստացվել նոր շենք, հոբելյանական 45-ամյակը նոր շենքում էին դիմավորելու, սակայն, ինչպես տեսանք, չէր ստացվել: Վերջին 15 տարում պարբերաբար թատրոնի տնօրինությանը խոստացել են, որ, ահա, այս տարում կունենաք ձեր շենքն ու այլեւս ստիպված չեք լինի տարածք վարձակալել Պարոնյան թատրոնում, սակայն նախարարները փոխվել են, իսկ խոստումները՝ մոռացվում:
 
Այսօր անդրադառնալով Մակունցի ժամանակ բարձրաձայնված խնդրին՝ Խզմալյանը վստահեցրել է՝ բոլոր այն փոփոխությունները, որոնք եղել են, չեն խաթարում շենքի պատմամշակութային արժեքը: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նկատել է, որ նախագիծը երկու տարի առաջ ավարտված էր, սակայն բազմաթիվ խնդիրներ կային նախագծի, ընտրված լուծումների հետ կապված:
 
«Նախաձեռնեցինք նախագծի վերանայում, անհրաժեշտ փոփոխություններն իրականացրինք, ներկայացրինք գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացանք թույլտվություն, դրան հաջորդեցին քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգեր, ճարտարապետահատակագծային առաջադրանքի վերանայում: Վերջապես ստացանք շինարարության թույլտվություն»,- նշել է նա: Միրզոյանը նկատել է, որ նախատեսված է աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում, սակայն մեծ է հավանականությունը, որ դրանք ավելի շուտ ավարտվեն՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբերին:
 
Նշենք, որ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնն ստեղծվել է 1974 թվականին եւ պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Մինչեւ օրս այն սեփական տարածք չի ունեցել:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը