Գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»

12-12-2019 19:01:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»:
 
Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը, որը, ըստ նրա, բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի
արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով: 
 
Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ: «Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովագրության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:
Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը: «Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:
 
Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ և մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ: 
 
«Մենք պատրաստ ենք առողջապահության  նախարարության մեր գործընկերների հետ քննարկել ներկայացված նախագիծը, որովհետև այս համակարգի ներդրման դեպքում տնտեսական մրցունակության առումով մենք խնդիր ենք ունենալու: Տնտեսական համագործակցության  և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների
նկատմամբ Հայաստանում  միջին վիճակագրական  ընտանիքը ավելի շատ է հարկվում և հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:
 
Քննարկման մասնակիցները հիմնականում մտահոգություններ են հայտնել ներկայացված համակարգի վերաբերյալ: Լսելով մտահոգություններն ու հնչած առաջարկները, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել և ներկայացնել քննարկման:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 800 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար