Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին


Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

  • 13-12-2019 16:23:58   | Ռուսաստան  |  Տնտեսություն

 
 
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը: 
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գյուղատնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է 2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ հիմնականում անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչությամբ, իր իսկ համոզմամբ, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համակարգումը։ 
 
Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքին` հատուկ կարևորվել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկային վերաբերող խնդիրների, ինչպես նաև «Կանաչ միջանցք» համակարգի խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը գործնական մակարդակում։ Բացի այդ,  ընդգծվել են գիտակրթական ագրարային հաստատությունների գործունեության համակարգմանը և փորձի փոխշահավետ փոխանակմանն առնչվող հարցադրումները։ 
 
Կարծիքների փոխանակման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կայանալիք գյուղատնտեսության հարցերով հայ-ռուսական հանձնաժողովի նիստին առանձին քննարկել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների՝ ՌԴ առաջատար ագրարային  բուհերում, մասնավորապես՝ Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանում,  կրթության և վերապատրաստման նպատակով տրամադրվող քվոտաների հարցը։
 
ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը նշել է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կարևորությունը և հիշեցրել, որ ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է մնալ միջազգային փոխգործակցության ամենակարևոր և առավել հեռանկարային ուղղություններից մեկը: 
 
Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը: 
 
«Ներկայիս խնդիրների լուծման հարցում կարևոր է միջկառավարական խորհրդի երկրների համընթաց աշխատանքը, ինչը նոր խթան կհանդիսանա մեր պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար», - նշել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն