Առողջության ապահովագրության առաջարկվող մեխանիզմը սահմանափակում է ախատողի իրավունքները


Առողջության ապահովագրության առաջարկվող մեխանիզմը սահմանափակում է ախատողի իրավունքները

  • 13-12-2019 16:35:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ առողջապահության նախարարությունը օրերս քննարկման ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի նախագիծը:
 
Դրված հիմնական նպատակը ողջունելի է, ըստ որի նախատեսվում է առողջության պարտադիր պետական ապահովագրության համակարգի ներդրում:
 
Սակայն հայեցակարգի նախագիծը դեռևս ամբողջական չէ և ներառում է պարտադիր ապահովագրության այս համակարգի գործարկման մեխանիզմին վերաբերող, առարկայական խնդիրներ:
 
Մասնավորապես, հայեցակարգի նախագիծը չի բովանդակում անհրաժեշտ այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցերին:
 
Այս տեսանկյունից պետք է փաստել.
 
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված է՝ չապահովագրված աշխատողի առողջության վերականգնման ծախսերն ամբողջությամբ պետք է կատարի գործատուն, եթե այդ աշխատողի առողջությանը վնաս է պատճառվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով:
Այլ կերպ ասած, գործատուն պարտավոր է.
 
- կա՛մ ապահովագրել իր աշխատողի առողջությունը՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից,
- կա՛մ իր միջոցներով հատուցել առողջության ապահովագրություն չունեցող աշխատողի առողջությանը պատճառված վնասը:
 
Նմանատիպ կարգավորումը բխում է նաև միջազգային իրավունքի նորմերի պահանջներից, որոնց միացել է Հայաստանը, այդ թվում՝ Եվրոպական վերանայված խարտիա, Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 173 կոնվենցիա:
Հայեցակարգի նախագծի 65-րդ կետում բերված տվյալների հիման վրա հաշվարկված է 1 շահառուի տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը՝ 77274 դրամ: Ապահովագրական ծախսն էլ նախատեսվում է ապահովել երկու սուբյեկտների միջոցով՝
- պետությունը՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներով,
- աշխատողը՝ իր կողմից վճարվող առողջության հարկով, որի դրույքաչափը կկազմի համախառն եկամտի 4-6 տոկոսը:
Փաստորեն՝ գործատուն չի ունենալու իր աշխատողի առողջության պարտադիր ապահովագրության վճարը կատարելու որևէ պարտավորություն:
 
Ավելին՝ միայն պետության և աշխատողի ծախսով է աշխատողը ապահովագրվելու, սակայն այդ ապահովագրությմաբ հատուցվելու է աշխատանքի վայրում գործատուի մեղքով աշխատողի առողջությանը պատճառված վնասը:
 
Համակարգային խնդիր է նաև այն, որ հայեցակարգի նախագծով առաջարկվող խնդրահարույց այսպիսի մոտեցմամբ գործնականում ապախթանվելու են գործատուի ներդրումներն ուղղված աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության պայմանների բարելավմանը:
 
Փաստորեն, գործատուն չի ունենալու նյութական պատասխանատվություն՝ աշխատանքի վայրում աշխատողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար:
 
Բնականաբար, հայեցակարգի նախագծով առաջարկվող այս մոտեցմաբ բացառվում է նաև գործատուի կորպորատիվ պատասխանատվությունը: Սա ևս առարկայական անհրաժեշտություն է դրական փորձ ունեցող երկրներում, որտեղ գործում է առողջության պարտադիր ապահովագրության համակարգ:
 
Բարձրացված խնդիրների համակարգային լուծումներն անհրաժեշտ է նախատեսել հայեցակարգի նախագծով՝ հաշվի առնելով նաև այս ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և եվրոպական առանձին երկրների հաջողված փորձը:
 
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play