«Պայմանով նպաստ». նախատեսում է նպաստից զրկել երկու անգամ աշխատանքից հրաժարվողին


«Պայմանով նպաստ». նախատեսում է նպաստից զրկել երկու անգամ աշխատանքից հրաժարվողին

  • 13-12-2019 18:48:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կառավարությունը հավանության է արժանացրել Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ ստեղծելու նախագիծը, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Այս համակարգի նախագիծը ենթադրում է մեկ ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացնել կարիքի գնահատում և այդ կարիքի վրա հիմնված ծառայության մատուցում: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նշված համակարգը գալիս է փոխարինելու նպաստի նշանակման գործող կարգին, և կարևորն այն է, որ այն գործելու է միասնական համակարգի միջոցով:
 
Նախատեսվում է նաև ներդնել էլեկտրոնային համակարգ և բարելավել սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանները: «Նաև փոխհատուցվելու է սոցիալական աշխատողների ճանապարհածախսը: Առանց սոցիալական աշխատանքի անհնար է օբյեկտիվորեն գնահատել ընտանիքի կարիքը, հետևապես ռիսկային է ծրագրերի հասցեականությունը»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց նախարարը:
 
Նա հիշեցրեց, որ 2019 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25.500 դրամ: Որոշումը վերաբերել է ավելի քան 86 հազար մարդու: «2020 թվականից միջինում 10 տոկոսով էլի կբարձրանա կենսաթոշակը»,- նշեց Բաթոյանը:
 
Շուրջ 20 հազար գործատուի հետ աշխատանքի արդյունքում հավաքագրվել է 4000-ից ավելի թափուր աշխատատեղի մասին տեղեկատվություն, որ կարելի է գտնել զբաղվածության կենտրոնների էջերում՝ տեսնելով յուրաքանչյուր մարզում յուրաքանչյուր թափուր աշխատատեղի մասին նկարագրություն, աշխատավարձի չափ: «Մենք շատ լուրջ խնդիր ունենք թափուր աշխատատեղերի համալրման: Շատ հաճախ լսում ենք, որ աշխատավարձը բավարար չէ, բայց ոչ բոլոր դեպքերում կա այդ խնդիրը, և մենք այս տարի կազմակերպել ենք տասը աշխատանքի տոնավաճառ: Բոլոր գործատուներն ունեն աշխատանքի ընդունելու, համապատասխան կադրերով թիմերը համալրելու խնդիր, և աշխատավարձը բնավ ցածր չէ, սկսվում է 150 հազարից: Բայց լուրջ խնդիր ունենք մասնագիտական հմտությունների և, իհարկե, աշխատելու ցանկության»,- նշեց նախարարը:
 
2019 թ. զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որոնցից 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք. ժամանակավոր աշխատանքները ներառյալ:
 
Աշխատանքի խրախուսման նպատակով առաջիկայում քննարկման է դրվելու «պայմանով նպաստի» որոշումը, որը ենթադրում է աշխատանքային հնարավորությունների տրամադրում գործազուրկ անձանց, ովքեր աշխատունակ տարիքում են և ունեն մասնագիտական, խորհրդատվական կամ տեղեկատվական աջակցության կարիք: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է աշխատանք առաջարկել աշխատունակ նպաստառու անձանց, սակայն 2 անգամ աշխատանքից հրաժարվելու դեպքում զրկել նպաստից: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ բացառո՞ւմ եք, որ այդ առաջարկները կարող են ուղղակի հարմար չլինել մարդուն՝ Բաթոյանն ասաց. «Մենք կարգով ամրագրում ենք, որ դա պետք է հարմար աշխատանք լինի՝ ցանկացած աշխատանք չի կարող լինել: Եվ, բնականաբար, ոչ ստանդարտ դեպքերի համար մենք ունենք հնարավորություններ: Կա կոնկրետ հանձնաժողով, որ կարող է որոշել կոնկրետ մարդու համար: Եթե, ասենք, մարդը չի համապատասխանում որևէ կարգի, բայց աշխատելու խնդիր ունի: Էնպես չի, որ այս կարգերը կարող են վնասել մարդկանց: Ունենք բոլոր ռեսուրսները դրանք կանխելու համար»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը