Վանեցյանն ուղղեց վտանգավոր սխալը

14-12-2019 10:00:42   | Հայաստան  |  Վերլուծություն
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին», Ժողովուրդ թերթին տված մեկնաբանությունում ասել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
 


Արթուր Վանեցյանը փաստացի ուղղել է կոպիտ սխալը, որ թույլ էր տվել նախորդ հարցազրույցներից մեկում, հարցին, թե արդյոք կա Հայաստանի անվտանգության սպառնալիք, արձագանքելով՝ «չեմ պատասխանի», նույնը Արցախի հարցում սպառնալիքի մասին հարցին:
 
Այդօրինակ արձագանքը փաստացի հավասարազոր է «այո»-ի, երբ խոսքն ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցրած անձի մասին է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ԱԱԾ նախկին պետը պաշտոնավարումից շաբաթներ անց
հայտարարում է Հայաստանի անվտանգության համակարգի փաստացի անգործության կամ անկենսունակության մասին:
 
Իհարկե տեսականում չի բացառվում, որ նրա այդ հայտարարությունը կամ ակնարկը կարող էր լինել որոշակի ազդակ, ինչից հետո ձեռնարկվեին որոշակի քայլեր: Գործնականում իհարկե ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը արտառոց էր եւ նույնիսկ վտանգավոր:
 
Այդ իմաստով, ներկայում տված մեկնաբանությամբ Արթուր Վանեցյանն ուղղում է սխալը, արձանագրելով, որ Ազգային անվտանգության ծառայությունը գործուն կերպով կատարում է պետության անվտանգությանն ուղղված իր առաքելությունն, ու այնտեղ աշխատում են դրան նվիրված անձինք:
 
Այդ աշխատանքի վերաբերյալ հանրային տարբեր խմբեր կամ շերտեր, ամենատարբեր շարժառիթներով, կարող են ունենալ բազմաբնույթ կարծիքներ ու գնահատական, դա բնական է եւ թերեւս անհրաժեշտ՝ հենց աշխատանքի կատարելագործման խթանի համար: Բայց ԱԱԾ կենսունակությունն ու գործունակությունը որեւէ կերպ չպետք է դրվի կասկածի տակ, առավել եւս հաշվի առնելով Հայաստանի ոչ միայն պատերազմի մեջ գտնվելու, այլ նաեւ մի շարք այլ բնույթի լուրջ մարտահրավերներ ունենալու հանգամանքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար