Ռուս փորձագետի սենսացիոն հայտարարությունը Երեւանում


Ռուս փորձագետի սենսացիոն հայտարարությունը Երեւանում

  • 14-12-2019 14:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւանում տեղի է ունեցել Լազարեւսկի ակումբի հերթական նիստը, որն այս անգամ նվիրված էր ԶԼՄ-ներում Հայաստանի ու Ռուսաստանի վերաբերյալ տեղեկատվությանը, թե ինչպես են ներկայացվում այդ երկրները: Թեման իսկապես ակտուալ է: Բանն այն է, որ արդեն երկար տարիներ, սկսած 2013 թվականից, եւ հատկապես Հայաստանում հեղափոխությունից հետո, ռուսական պետական եւ ոչ պետական առաջատար ԶԼՄ-ներում չի դադարում հակահայկական անզուսպ ու ամոթալի, ստի ու կեղծիքի համեմունքով քարոզչությունը:
 
Փոխարենը, Հայաստանում ԶԼՄ-ների գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն չի անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների ակտուալ խնդիրներին, այլեւ ինչ որ պահերի, երբ դրանք ցցուն են դառնում, կամ լռում է, կամ փորձում արդարացնել Մոսկվայի քաղաքականությունը:
 
Իսկ դա գնալով ավելի ու ավելի է բարդանում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որը հայ հանրության շրջանում կոտրեց հայ-ռուսական ավանդական առասպելաբանությունը, իսկ վերջին շրջանում ռուս-թուրքական քաղաքական կուրսը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին ավելի են ընդգծում իրավիճակը:
 
Լազարեւսկի ակումբի նիստին ելույթ է ունեցել ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովը եւ ցանկություն հայտնել, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանում բնակվող հայերը, Հայաստանում էլ «համապատասխան մարդիկ» չունենան որեւէ կողմնորոշման անհրաժեշտություն: Ռուսաստանում ապրող հայերի մասով ամեն ինչ հասկանալի է. Ռուսաստանի հոծ հայ համայնքը պարզապես իրավազուրկ է այլ երկրների հայկական համայնքների համեմատ եւ ըստ այդմ չունի «կողմնորոշման» խնդիր: Փոխարենը, հայկական ազգանուններով բազմաթիվ մարդիկ կան ռուսական պաշտոնական քարոզչության մեջ, նաեւ որոնց միջոցով է կատարվում հակահայ քարոզչությունը (դժվար է նման այլ դեպք գտնել այլ էթնիկ միավորների մասով): Ընդ որում, հայկական ազգանուններով մարդիկ ամենակատաղի զանգվածն են այս գործում, քանի որ ստիպված են «կողմնորոշվել»:
 
Տրետյակովի հայտարարությունը հետաքրքիր է Հայաստանի մասով: Խոսելով Ռուսաստանում բնակվող հայերի մասին, նա չի ասում Հայաստանում բնակվող ռուսներ, այլ՝ «համապատասխան մարդիկ»: Ովքե՞ր են այդ համապատասխան մարդիկ Հայաստանում, որոնք խնդիր ունեն կողմնորոշելու: Ըստ ամենայնի, դա Մոսկվայի հոծ կրեատուրան ու ագենտուրան է Հայաստանում, ինչպես նաեւ «ռուսամետ» ինչ որ շրջանակներ, որն ավելի ու ավելի է հայտնվում բարդ իրավիճակում Ռուսաստանի քաղաքականության նորանոր բացվող շերտերի եւ հատկապես 1915-1923 թթ. հայերի կոտորածների, հայրենազրկման, հայկական տարածքները թուրքերին նվիրելու քաղաքականությունը լռության մատնելու կամ առավել եւս արդարացնելու հարցում:
 
Այս իրավիճակը կարելի է շտկել, վերաիմաստավորելով հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները: Մասնավորապես, Մոսկվան կարող է չեղարկել 1921 թ. պայմանագիրը եւ դնել Ղարսը, Արդահանը, Արարատը եւ նախեւառաջ Նախիջեւանը Հայաստանին վերադարձնելու խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն