Վճռաբեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստ է նշանակել


Վճռաբեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստ է նշանակել

  • 17-12-2019 15:28:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով Վճռաբեկ դատարանը նիստ է նշանակել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, նիստը  տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։
 
Այս նիստի ընթացքում կքննվի նաեւ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի եւ Հրայր Թոփչյանի  պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքները։ 
 
Բողոքները դատարան էին  ներկայացվել դեռ նախորդ տարվա օգոստոս ամսին։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել նրանց։
 
Հիշեցնենք, որ  առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր  10 տարի 5 ամսվա ազատազրկման։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ։  Հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: 
 
Վերաքննիչ դատարանն էլ, չնայած փաստաբանների արդարացման պահանջին, մեղմացրեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով պատժաչափերը։ 
 
Ժիրայր  Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիս պատժաչափը դարձրեց  հինգ ու կես տարի: Նրա խափանման միջոցը փոխվեց այն ժամանակ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորների և «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի  երաշխավորագրերի  հիման վրա:
 
Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Ներսես Պողոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը և Հրայր Թոփչյանը եւս ազատ արձակվեցին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
 
 Առաջին ատյանում, դատավարության ողջ ընթացքում, Ժիրայր Սեֆիլյանը զրկված էր ցուցմունք տալու, պաշտպանական ճառով ու վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրան գրեթե ամբողջ դատավարության ընթացքում Սեֆիլյանին հեռացնում էր դահլիճից ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play