Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է հերքում և 2 միլիոն դրամ. դատական նիստը հետաձգվել է


Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է հերքում և 2 միլիոն դրամ. դատական նիստը հետաձգվել է

  • 17-12-2019 16:43:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։
 
Հայցվոր կողմը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։ Մուրադյանի ներկայացուցիչը նշեց, որ Արսեն Թորոսյանը զրպարտել է Մուրադյանին. «Սա որակում ենք որպես անհիմն զրպարտություն՝ ուղղակի տեքստով պրոֆեսորի մասին։ Նշվում է, որ այս ամեն ինչին, որին հասել է Արմեն Մուրադյանը, հասել է ծանոթությունների արդյունքում և ոչ երբեք անձնական գիտելիքների արդյունքում։ Սա գնահատում եմ որպես սուտ տեղեկատվություն, նշված պաշտոններին վստահորդս չի հասել քավոր-սանիկ հարաբերություններով։ Գտնում ենք, որ սա զրպարտություն է, իրականությանը չհամապատասխանող փաստեր»։ Հայցվոր կողմը զրպարտության մի մաս է համարում նաև այն, որ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակում Թորոսյանը սուտ է որակել Մուրադյանի որոշ արտահայտություններ, ապա նշել է, որ իր դեմ արշավը կազմակերպվել է Արմեն Մուրադյանի կողմից։ Հայցվոր կողմը պահանջում է պատասխանողին պարտավորեցնել ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հերքել հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաև Հանրայինի նույն հաղորդման միջոցով հերքել արված արտահայտությունները։ Բացի այս, հայցվոր կողմը պահանջում է երկու միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացվող հայցն անհիմն է, ենթակա է մերժման․ «Արտահայտությունները չեն հանդիսանում զրպարտություն։ Բանն այն է, որ զրպարտության հատկանիշները բավականին մանրամասն թվարակված են քաղաքացիական օրենսգրքի հոդվածներով։ Արտահայտությունները չեն արատավորում պարոն Մուրադյանի պատիվն ու արժանապատվությունը»։ Դատարանը կողմերին հարցրեց՝ հաշտության եզրեր տեսնո՞ւմ են, ինչին ի պատասխան պատասխանող կողմն ասաց՝ վստահորդիս հետ չենք քննարկել հաշտության գնալու հարցը։ Դատարանը որոշեց՝ Հանրային հեռուստաընկերությանը հաջորդ դատական նիստի մասին ծանուցել՝ հրավիրելով դատարան։ Նախագահող դատավոր Գրիգորի Վարդանյանը պարզաբանեց, որ Հ1-ին հրավիրում են, քանի որ վերջնական դատական ակտը կարող է ազդել նրանց իրավունքների վրա, մասնավորապես՝ դատարանին հայտնի չէր, թե Հանրայինի եթերը վճարովի՞ է, թե՞ անվճար, հյուրերի հրավիրման կարգը։ Նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 8-ին։ Դատական նիստի ավարտից հետո Մուրադյանի ներկայացուցիչներից Գագիկ Խաչիկյանը տեղեկացրեց, որ սպասում են պատասխանող կողմի դիրքորոշմանը հաշտության գալու վերաբերյալ, դեռ իր վստահորդի հետ չի զրուցել այդ թեմայով։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել էր Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ էր մտել, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասել էր, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Դեպքից մեկ օր անց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտարարել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի դեմ Երևանի Մխիթար Հերացու անվան պատական բժշկական համալսարանը դատական հայց կներկայացնի։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play