Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու խնդիր է դրված


Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու խնդիր է դրված

  • 17-12-2019 18:00:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու խնդիր է դրված, և ֆինանսական միջոցները, որոնք հատկացվում են այդ նպատակով, արդարացված են և բերելու են սպասված արդյունք: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ  Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով Ամանորի տոների համար բյուջետային հատկացումների ավելացման մասին հարցին:
 
Այս տարի միայն Երևանում Ամանորի տոների համար կծախսվի մոտ 700 հազար դոլար գումար: Ֆինանսական միջոցների ավելացման նպատակներից մեկը դեպի Երևան զբոսաշրջիկների հոսքի ավելացումն է: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ միայն Երևանով չպետք է սահմանափակվել, մարզերում էլ պետք է ներդրումներ արվեն այդ ուղղությամբ:
 
«Ես կարծում եմ՝ զբոսաշրջության ոլորտում ծախսերը պետք է դիտարկել որպես ներդրում՝ զբոսաշրջության կայուն զարգացում ապահովելու համար: Եվ մենք ավելի շատ միջոցներ պետք է ներդնենք՝ համաշխարհային շուկայում Հայաստանն ավելի ակտիվ ու ագրեսիվ ներկայացնելու համար: Հնարավորինս շատ գումար պետք է ներդնել այդ ուղղությամբ, չվախենալ»,- ասում է Ապրեսյանը:
 
Նրա խոսքով՝ ոչ միայն հեղափոխությունից հետո, այլ ընդհանրապես վերջին տարիներին Երևանն ավելի լավ է պատրաստվում Ամանորին: Դա լավ է, և արդյունքում տարիների ընթացքում ոչ միայն Երևանը, այլ Հայաստանը Ամանորին հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար:
 
Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի Ամանորին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացում կա: Իսկ դա դրական է նաև այն առումով, որ պետության քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը զբոսաշրջային սեզոնը երկարաձգելն է, ձմեռային սեզոնին ևս մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելը, ինչին գնում է աշխարհը:
 
«Եվ տարեցտարի տեսնում ենք, որ ձմռանը, նախորդ ձմռան հետ համեմատած, հոսքերն ավելանում են: Որքան գեղեցիկ ու պատրաստված լինեն Երևանն ու մյուս քաղաքները Ամանորին, այնքան շատ զբոսաշրջիկ կայցելի Հայաստան: Ես ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մյուս քաղաքներում էլ է աշխատանք տարվում՝ Գյումրիում, Վանաձորում: Եվ դա պետք է տա իր օգուտը: Այստեղ շատ կարևոր է, որ մասնավոր ոլորտը նույնպես շատ ակտիվ է, հետաքրքիր ծառայություններ են սկսում մատուցել: Օրինակ՝ Գյումրիում արդեն շատ դժվար է Ամանորի օրերի համար ազատ տեղ գտնելը: Եվ դա միայն ներքին շուկայով չէ պայմանավորված՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ էլ շատ կան, որ գալիս ու Ամանորը հենց Գյումրիում են նշում: Գյումրիում աշխուժության վրա ազդեցություն ունի նաև այնտեղ չվերթների և դեպի Գյումրի գնացքի առկայությունը»,- հավելեց նա:
 
Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ Ամանորին Հայաստանը գրավիչ լինելու համար պետք է շատ միջոցառումներ անցկացվեն, զբոսաշրջիկի ժամանցը պետք է կարողանալ ապահովել, դա կարևոր է:
 
Հայաստանի բնակչության մի մասը գերդասում է Նոր տարվա հանգիստն անցկացնել արտերկրում: Մեխակ Ապրեսյանի խոսքով, սակայն, դա բացասաբար չի անդրադառնում ներքին զբոսաշրջության ցուցանիշների վրա, դա չի արվում ի հաշիվ ներքին զբոսաշրջության:
 
«Վատ չէ, երբ մարդն ունի հնարավորություն ճանփորդելու: Եվ եթե մենք հետևում ենք վիճակագրությանը, կտեսնենք, որ մեզ մոտ բավական լավ տեմպերով աճում է նաև ներքին զբոսաշրջությունը: Հայաստանում ներքին զբոսաշրջությունը դինամիկ աճում է, և այսօր մեր հանգստավայրերում տեղերը դատարկ չեն, շատ հանգստավայրերում անգամ դժվար է տեղ գտնել»,- նշեց նա:
 
Մեխակ Ապրեսյանը նաև ասաց, որ համամիտ չէ, որ Հայաստանում հարևան Վրաստանի համեմատ փաթեթների գները թանկ են: Նա նշեց, որ այսօր Հայաստանում մեկ անձի հաշվով անգամ 100 հազար դրամանոց Ամանորյա փաթեթներ կան՝ երեք անգամվա սնունդով, միջոցառումներով: Ամենապահանջված փաթեթները, նրա խոսքով, միջին արժեք ունեցող փաթեթներն են Ամանորին, որոնց արժեքը մեկ անձի հաշվով 150-200 հազար դրամ է:
 
Ըստ նրա՝ Ամանորից բացի, մնացած օրերին Հայաստանում գներն ավելի էժան են, քան Վրաստանում, պարզապես պետք է ճիշտ համեմատություններ անել, թե ինչ հանգիստ է նախընտրում մարդը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

Lragir.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play