Հայերեն թարգմանությամբ ներկայացվել է Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը


Հայերեն թարգմանությամբ ներկայացվել է Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերը

  • 21-12-2019 15:00:22   | Հայաստան  |  Նոր գրքեր

Բեսթսելերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի ևս մեկ գիրք հայերեն թարգմանությամբ հասանելի է ընթերցողին: Դեկտեմբերի 20-ին անցկացվեց  «Ալյասկայի որոնումներում» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, գիրքն էլ թարգմանել է տաղանդավոր երգչուհի Աննա Դանիելյանը: Գրքի շնորհանդեսի ընթացքում Աննա Դանիելյանը ոչ միայն պատմեց թարգմանական առանձնահատկությունների մասին, այլև ներկայացավ համերգով, որի ընթացքում նրան նվագակցեց կիթառահար Արտյոմ Դադունցը:
 
Թարգմանչի խոսքով՝ Ջոն Գրինը ժամանակակից գրող է ու երկխոսություններում օգտագործում է հիմնականում ամերիկյան դեռահասներին հատուկ բառապաշար, ինչի արդյունքում խոսքի միջնամասից, ով գիտի, կերպարները սկսեն ռեփ կարդալ, իսկ թարգմանիչները պետք է այդ ամենը հանգավորեն իրենց լեզվով:
 
«Գրքի մասին շատ բան չեմ պատմի, բայց վերջինս գերազանցապես ընկերության մասին է։ Նրա մասին, որ սեփական «ես»-ը փնտրելն ավելի հեշտ ու արագ է ստացվում, երբ բաց ես ընկերության ու սիրո առաջ։ Հենց այդպես էլ ստացվում է, երբ գլխավոր հերոս Մայլսը, ում հետ, հուսամ, կուզեք ծանոթանալ անձամբ, իրեն գտնում է Ալյասկայի որոնումներում»,-նշում է Աննա Դանիելյանը:
 
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն էլ ընդգծեց, որ իրենք Ջոն Գրինից երեք գիրք էին հրատարակել: Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ լույս էին տեսել նրա «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքներ», «Անվերջ կրիաներ» ստեղծագործությունները: Երեք գրքերն էլ մեծ պահանջարկ են վայելում ընթերցողների շրջանում, և հրատարակչությունում վստահ են՝ այս մեկն էլ բացառություն չի լինելու:
 
Այս գրքի հերոսը՝ տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին բառերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ ասած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, ով տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան վերաբերյալ մտորումների մեջ…
 
«Ալյասկայի որոնումներում»-ը Ջոն Գրինի ամենաառաջին վեպն է: Լույս է տեսել 2005 թվականին: Բեսթելերի հիման վրա Hulu սթրիմինգային ծառայությունը նկարահանել է ութ էպիզոդանոց սերիալ, որը լույս է տեսել վերջերս:
 
Ջոն Գրինը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, աշխարհի #1 վաճառվող հեղինակը՝ իր «Ալյասկայի որոնումներում», «Բազմաթիվ Կատերինաներ», «Թղթե քաղաքներ», «Ուիլ Գրեյսոն, Ուիլ Գրեյսոն» (Դևիդ Լևիտանի հետ համատեղ) և «Մեղավոր են աստղերը» գրքերով։ Նրա մի շարք մրցանակների թվում կան «Printz Medal», «Printz Honor» և «Edgar Award»։ Նա երկու անգամ եղել է «LA Times Book Prize»-ի եզրափակչում։ Ջոնը «TIME» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ջոնն իր ընտանիքի հետ ապրում է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։ 
 
 
--
Նոյյան տապան  -   Նոր գրքեր