2020-ին 500 վերելակ կփոխարինվի նորով. Հայկ Մարությանը հնգապատկել է նախօրոք հայտարարված ծավալները
10-01-2020 17:38:39 | Հայաստան | Հասարակություն
2020-ին 500 վերելակ կփոխարինվի նորով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։
Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։
Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Հիշեցնեմ, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»: